Թբիլիսիի ցույցից հետո Սաակաշվիլիի կուսակցությունը մշտական բողոքի ցույցեր է սկսում

Նոյեմբերի 9-ին Թբիլիսիում Միխեիլ Սաակաշվիլիի աջակցության բողոքի ցույցի ժամանակ ցուցարարը ձեռքում պահում է վարդ՝ 2003 թվականի Վարդերի հեղափոխության խորհրդանիշը: Լուսանկարը՝ Շոթա Կինչա / OC Media.

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը», հայտարարել է Թբիլիսիում մշտական բողոքի ցույցերի մասին, քանի դեռ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ազատ չի արձակվել և հոկտեմբերին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները չեղարկված չեն։

Կուսակցության նախագահ Նիկա Մելիան այս որոշման մասին հայտարարել է երկուշաբթի երեկոյան Թբիլիսիի Ազատության հրապարակում հազարավոր համախոհների մասնակցությամբ ցույցի ժամանակ։

Դիմելով հավաքվածներին՝ Մելիան ասել է, որ հաջորդ օրը առավոտյան ժամը 10:00-ին բողոքի ցույցեր կանցկացվեն արդարադատության նախարարության և կառավարական այլ շենքերի մոտ։ Այնուհետև նա հավաքվածներին երթով առաջնորդել է կառավարության շենք:

Սաակաշվիլին պաշտոնեական դիրքի չարաշահման համար հեռակա դատապարտվելուց հետո բանտարկվել է վեց տարով։ Հոկտեմբերի 1-ին ձերբակալվելուց ի վեր նա հացադուլի մեջ է՝ ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլից մի քանի օր առաջ գաղտնի Վրաստան գալուց հետո:

Մի քանի ընդդիմադիր կուսակցություններ վիճարկել են ընտրությունների արդյունքները։ Միջազգային դիտորդները քննադատել են ընտրություններից անցկացման ընթացքը, սակայն արդյունքները կասկածի տակ չեն դրել։

Ցույցից ժամեր առաջ Սաակաշվիլիին տեղափոխել են Թբիլիսիի Գլդանի բանտ, որն ավելի ընդարձակ հիվանդանոց ունի, քան Ռուսթավիի բանտը, որտեղ նա պահվում էր։

«Միացյալ ազգային շարժումը» պահանջել է նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ պնդելով, որ Գլդանիի բանտը չունի անհրաժեշտ բժշկական ծառայություններ, եթե նրա վիճակը վատանա:

Երեկոյան ավելի ուշ արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն ասել է, որ Սաակաշվիլիի անվտանգությունը Գլդանիի բանտում ապահովված է՝ հավելելով, որ նա «բանավոր և ֆիզիկական հարձակման է ենթարկել» բանտի աշխատակիցներին և «վնասել թանկարժեք բժշկական սարքավորումներ»։

Հանրային պաշտպանի գրասենյակից Միխեիլ Ղողաձեն Գլդանի բանտում Սաակաշվիլիին այցելելուց հետո ասել է, որ ըստ նախկին նախագահի՝ պահակները ստիպված էին ֆիզիկական ուժ գործադրել՝ իրեն Գլդանիի բանտ տանելու համար։

Սաակաշվիլիին Գլդանիի բանտ տեղափոխելուց հետո Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը, որի քաղաքացի է մնում Սաակաշվիլին, Վրաստանի կառավարությանը կոչ է արել «անհապաղ տեղափոխել» նրան քաղաքացիական բժշկական հաստատություն։

Հետընտրական իրարանցում

Վրաստանը քաղաքական ցնցումների մեջ է հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո: «Միացյալ ազգային շարժումը» և ընդդիմադիր մի քանի այլ կուսակցություններ խոստացել են «պաշտպանել ձայները»՝ պահանջելով քվեների վերահաշվարկ: Մինչ նրանք հետևում էին այս մարտավարությանը, «Միացյալ ազգային շարժումը» փողոցային բողոքի ցույցերը դարձրեց իրենց հիմնական նպատակը՝ փորձելով ստիպել իշխանություններին Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:

Թեև երկուշաբթի բողոքի ցույցն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել մեկ օր շուտ, ամսաթիվը հետագայում փոխվեց՝ խուսափելու Ռուսթավելի պողոտայում Սաակաշվիլիի երկարամյա քննադատ Գիորգի «Ուծնոբի» Գաչեչիլաձեի կողմից կազմակերպված «Միացյալ ազգային շարժման» դեմ ցույցից։ Հանրահավաքը ոգեկոչում էր 2007-ի նոյեմբերին Սաակաշվիլիի իշխանության օրոք բողոքի ցույցերի բռնի ցրումը:

«Դրոա»-ն և «Գիրչի – ավելի շատ ազատությունը», որոնք ներկայումս «Միացյալ ազգային շարժմանն» ամենամոտ ընդդիմադիր կուսակցություններից են, որդերգրել են բողոքի՝ ոչ այնքան ավանդական մարտավարություն:

Նոյեմբերի 7-ին «Գիրչի – ավելի շատ ազատության» անդամները աղբ են թափել Թբիլիսիի Պետական անվտանգության ծառայության շենքի դիմաց և թղթե ինքնաթիռներ նետել ցանկապատի վրայով։

Հաջորդ օրը «Դրոա»-ի ակտիվիստները սննդային հավելումներ են բերել արդարադատության նախարարության դիմաց, որը կասկածի տակ էր դրել Սաակաշվիլիի հացադուլի իսկությունը։

Մինչ երկուշաբթի Ազատության հրապարակում հավաքված բազմությունը ցույց էր անում, «Դրոա»-ի նախագահ Էլենե Խոշտարիան շարունակել է խորհրդարանում վեց օր առաջ սկսած հացադուլը։ Նա պահանջում է Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։

Մերձեցման նշա՞ն կառավարությունից

Երկուշաբթի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախընտրական քարոզարշավի ժամանակ իր հայտարարությունների համեմատ ավելի հաշտարար տոնով է հանդես եկել։

Նա շնորհավորել է Գիա Խարչիլավային՝ քաղաքապետի միակ ընդդիմադիր թեկնածուին, որը հաղթել է հոկտեմբերին կայացած ընտրություններում և ընտրվել արևմտյան Վրաստանի Ծալենջիխայի շրջանում։

Ղարիբաշվիլին ասել է, որ կառավարությունը բաց է ընդդիմադիր խմբերի հետ երկխոսության համար՝ պայմանով, որ նրանք դա անեն խորհրդարանական գործընթացների միջոցով:

Միազյալ ազգային շարժում, «Գիրչիի – ավելի շատ ազատություն», «Լելո» և «Դրոա» կուսակցությունների անդամները, որոնք նախընտրական դաշինք էին կազմել ընտրությունների երկրորդ փուլից առաջ, հստակ չեն նշել՝ արդյոք մտադի՞ր են հրաժարվել իրենց պատգամավորական մանդատներից:

«Միացյալ ազգային շարժման» մի քանի պատգամավորներ, ինչպես նաև «Լելո»-ի նախագահ Մամուկա Խազարաձեն հայտարարել են, որ հրաժարվելու են իրենց մանդատներից: Այնուամենայնիվ, Սաակաշվիլին կոչ է արել ընդդիմությանը չանել դա, եթե անհրաժեշտ լինի քվեարկել խորհրդարանական արտահերթ ընտրություններում կամ պատգամավորներին՝ իրեն բանտում այցելելու թույլտվություն ստանալու համար:

Նոյեմբերի 8-ի դրությամբ «Բարեփոխումների խումբը», որի կազմում ընդգրկված է «Աղմաշենեբելի ռազմավարության» առաջնորդ Գիորգի Վաշաձեն, ինչպես նաև «Լելոն», մնում են խորհրդարանում:

Երկուշաբթի երկու կուսակցություններն էլ հանդես են եկել մերձեցման առաջարկներով, որոնք, ըստ նրանց, կթուլացնեն քաղաքական լարված մթնոլորտը երկրում։

«Անհնար է, որ մենք ամեն րոպե շարունակենք մնալ լուրջ ֆիզիկական առճակատման եզրին»,- կիրակի ասել է Վաշաձեն՝ ներկայացնելով իր յոթ կետերից բաղկացած առաջարկը, որը ներառում է Սաակաշվիլիի տեղափոխումը քաղաքացիական հիվանդանոց, օտարերկրյա դատավորների ներգրավումը Սաակաշվիլիի դատական գործերին և բարեփոխումների իրականացումը՝ ամրագրված ապրիլին կողմերի և կառավարության կողմից ԵՄ միջնորդությամբ ստորագրված, սակայն այժմ լքված համաձայնագրում:

Նմանատիպ հայտարարություն է արել «Լելոն»՝ զգուշացնելով իրավիճակի սրացման մասին։

Մեկ այլ ընդդիմադիր կուսակցության՝ «Եվրոպական Վրաստանի» նախագահ Գիգա Բոկերիան չի ողջունել «Լելո»-ի և «Աղմաշենեբելի ռազմավարության» հայտարարությունները։ Ըստ նրա՝ դրանք իշխող կուսակցության կողմից կարող են դիտվել որպես «թուլություն»:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել