Նոյեմբերի 10-ին Փարիզում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Արձանագրվել է համանախագահների՝ տարածաշրջան այցի կարևորությունը իրավիճակին տեղում ծանոթանալու համատեքստում։ Հանդիպման ընթացքում կողմերն առաջնահերթ են համարել տարածաշրջանում դեէսկալացիային ուղղված հստակ քայլերի իրականացումը։ Այս առումով Արարատ Միրզոյանը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության վրա հարձակումները, որոնք հանգեցրել են զոհերի, ինչպես նաև անընդունելի է համարել շարունակական հայատյաց հռետորաբանությունը»,- տեղեկացնում են նախարարությունից։
Ըստ հաղորդագրության՝ Արարատ Միրզոյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների վերաբերյալ: Այս համատեքստում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ և անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև՝ անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման և հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։
Նույն օրը Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հյուրընկալությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
«Հնգակողմ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն արտահայտել է հայկական կողմի դիրքորոշումը` լիարժեքորեն վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է համանախագահների հետ հանդիպմանը հայտնած դիրքորոշումը՝ այդ թվում դեէսկալացիայի և հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտության, ինչպես նաև՝ սադրանքների ու հայատյաց հռետորաբանության անընդունելիության վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում։
***
Փարիզում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի միջնորդությամբ։
Ֆրանսիայի արտգործնախարարը Թվիթերում գրառում է արել հանդիպման մասին․
«Այսօր Փարիզում ես հավաքեցի Հայաստանի և Ադրբեջանի իմ գործընկերներին՝ օգնելու նվազեցնել լարվածությունը։ Ֆրանսիայի դրոշի համախմբումը ամբողջական է մնում Մինսկի խմբում։ Մենք չենք մոռանում մեկ տարի առաջ բռնկված պատերազմի զոհերին»։
#Caucase J’ai réuni aujourd’hui à Paris mes homologues d’Arménie et d’Azerbaïdjan pour contribuer à réduire les tensions. La mobilisation de la 🇫🇷 reste entière dans le groupe de Minsk. Nous n’oublions pas les victimes de la guerre interrompue il y a un an. pic.twitter.com/AyHfdJI3xi
— Jean-Yves Le Drian (@JY_LeDrian) November 10, 2021
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Փարիզում մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՈ-ի գագաթաժողովի։ Նրանց նախորդ և առաջին հանդիպումը կայացել էր սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի ընթացքում։