Վճռաբեկ դատարանը կունենա առանձին վարչական ու քաղաքացիական պալատներ

Արդարադատության նախարարությունը մտադիր է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատը վերացնել և ստեղծել երկու առանձին, ինքնուրույն, մասնագիտացված պալատներ՝ քաղաքացիական ու վարչական։ Համապատասխան օրենսդրական փաթեթը քննարկվելու է կառավարության նոյեմբերի 11-ի նիստում։

Ըստ արդարադատության նախարարության հիմնավորման՝ ​​այդպիսով կստեղծվեն երաշխիքներ տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը ապահովելու համար։ Տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ պալատի 11 դատավորներից 5-ը մինչև Վճռաբեկ դատարանում պաշտոնավարումն սկսելը կամ մասնագիտացված վարչական արդարադատության ներդնումը ունեցել են վարչական մասնագիտացում կամ վարչական ոլորտի, հանրային իրավահարաբերություններից բխող գործերի քննության փորձառություն։

Արդարադատության նախարարությունը շեշտել է նաև, որ առանձին վարչական պալատներ Վճռաբեկի կազմում գործում են Գերմանիայում, Ռուսաստանում, Ավստրիայում, Շվեդիայում, Վրաստանում, Լատվիայում ու Լիտվայում։

Մեկնաբանել