ԵՄ-ն հայտարարություն է տարածել՝ պատերազմի ավարտի տարելիցին

ԵՄ

Եվրամիության մամլո խոսնակը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցման մեկամյակի կապակցությամբ։

ԵՄ-ն կոչ է անում խստորեն պահպանել հրադադարը, անհապաղ ազատ արձակել մյուս բոլոր գերիներին, լիակատար համագործակցել ականազերծման հարցում և թուլացնել լարվածությունը սահմանային շրջաններում։

«ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ խաղաղ և բարեկեցիկ Հարավային Կովկասի խթանմանը և ակտիվորեն ներգրավված է խաղաղաշինության ու հետպատերազմական վերականգնման գործընթացներում: Մենք կարևոր դերակատարում ենք ստանձնել գերիների վերադարձի և ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման գործում։ ԵՄ-ն նաև աջակցել է հակամարտության ազդակիր բնակչությանը՝ տրամադրելով ավելի քան 17 մլն եվրո մարդասիրական օգնություն, ներառյալ ականազերծման և վաղ վերականգնման նպատակով: ԵՄ-ն պատրաստ է նաև աջակցել սահմանների դեէսկալացիային և սահմանազատմանը` տրամադրելով տեխնիկական աջակցություն, ըստ կողմերի անհրաժեշտության, և խրախուսում է փոխկապակցվածությունն ու տնտեսական համագործակցության վերաբացումը Հարավային Կովկասի տարածաշրջանում։

Ապագային ընդառաջ՝ համապարփակ կարգավորումն անհրաժեշտ է ավելի քան երեք տասնամյակ տևած հակամարտությանն ու տառապանքներին վերջ դնելու համար։ Այս նպատակին հետամուտ՝ ԵՄ-ն շարունակելու է ակտիվ կապի մեջ մնալ համապատասխան միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և լիովին աջակցում է նրանց՝ իրականացնելու իրենց մանդատը` աշխատանք տանելով Հայաստանի և Ադրբեջանի հետ բոլոր չլուծված խնդիրների համապարփակ լուծման ուղղությամբ»,- նշվում է հայտարարությունում:

Մեկնաբանել