Ադրբեջանի ծանուցումից հետո քաղաքացիներին ուղղորդում ենք դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր ավտոճանապարհ․ Փաշինյան

Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի կողմից մաքսակետեր տեղադրելու որոշումը կայացվել է միջանցքային տրամաբանությամբ։ Այս մասին կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 11-ի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա կարող է հարց ծագել՝ հնարավոր չէ՞ր բանակցել, որ այդ ճանապարհին Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր։ Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար։ Եվ հենց այս համատեքստում է, թերևս, Ադրբեջանը կայացրել երեկվա որոշումը»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ տարածաշրջանային հաղորդակցության ուղիները պետք է վերաբացվեն առանց «էքստրատերիտորիալության համատեքստի» և համապատասխան մաքսային, անձնագրային հսկողությամբ․ «Այսինքն, երբևէ չենք քննարկել և քննարկելու որևէ միջանցքային տրամաբանություն»։

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում կրկնեց Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքերը, որ Ադրբեջանը ծանուցել է Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադելու մասին։

«Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի 10-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ծանուցումը ստանալուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր ավտոճանապարհ և այստեղող իրականացնել երթևեկությունը»,- ասել է նա։

Վարչապետը նշել է, որ Տաթև-Աղվանի ավտոճանապարհը մի քանի տասնյակ տարի գործնականում անանցանելի է եղել, այն ասֆալտապատվել է և նախորդ շաբաթ շահագործման է հանձնվել․ «Ստացել ենք իսկապես որակյալ ճանապարհ, որը որոշակի լավարկումների կարիք ունի կցորդիչով բեռնատարների առավել հարմար անցումն ապահովելու համար։ Չնայած, երեկ՝ մինչև կեսգիշեր և դրանից հետո՝ մինչև լուսաբաց, Կապան-Տաթև հատվածով անցել է շուրջ 100 կցորդիչով բեռնատար»։

Փաշինյանը հայտնել է նաև, որ այլընտրանքային ճանապարհների շինարարության ծավալուն աշխատանքներ են իրականացվում Տաթև-Լծեն, Շուռնուխի և Որոտանի, ինչպես նաև մի քանի այլ հատվածներում։

Մեկնաբանել