Ինչ չարեց ՀՀ կառավարությունը Գորիս-Կապան ճանապարհի խնդրի շուրջ

Գորիս Կապան

Բենիամին Պողոսյան

Գորիս-Կապան ավտոճանապարհին նոյեմբերի 11-ից ստեղծված իրավիճակի հիմքերը դրվել են 2020 թ. դեկտեմբերի կեսերին, երբ ի խախտումն 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պայմանների, Հայաստանի վարչապետը Ադրբեջանի նախագահի հետ բանավոր պայմանավորվածության հիման վրա կարգադրեց հայկական զինված ուժերին հետ քաշվել նոյեմբերի 10-ի դրությամբ իրենց զբաղեցրած տարածքներից՝ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Հայաստան–Իրան միջպետական ճանապարհի 21 կմ հատվածը հանձնելով Ադրբեջանին։ ՀՀ իշխանությունների համաձայն` Ալիևի հետ բանավոր պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ ՀՀ քաղաքացիների համար միջպետական ճանապարհի այդ հատվածով երթևեկելու համար խոչընդոտներ չեն ստեղծվելու, և, որքան էլ տարօրինակ է, իշխանությունները կարծես թե Ալիևին հավատացել էին։

Որպես ՀՀ տարածքի մի մասը Ադրբեջանին հանձնելու հիմնավորում բերվում է նոր պատերազմից խուսափելու ցանկությունը։ Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ որևէ պետության ղեկավար պարզապես իրավունք չունի տարածք հանձնել՝ տեղի տալով այլ պետության ղեկավարի ռազմական շանտաժին, հարկ է ընդգծել, որ պատերազմից վախենալու կամ ամեն գնով դրանից խուսափելու այս ցանկությունը առավել ևս տարօրինակ է ՀՀ գործող իշխանությունների համար։ Իշխանության գալով 2018 թ. մայիսին, և իրենց իսկ հայտարարությունների համաձայն, շատ արագ պարզելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը բազմակի խախտված է հօգուտ Ադրբեջանի, որ 20 տարվա թալանի և կոռուպցիայի հետևանքով մեր բանակը գտնվում է ողբալի վիճակում, ու պատերազմի դեպքում անխուսափելիորեն ջախջախվելու է, նրանք Ադրբեջանի հետ բանակցություններում որդեգրեցին բավականաչափ կոշտ դիրքորոշում։

«Նոր պատերազմ, նոր տարածքներ», «Արցախը Հայաստան է և վերջ», ՀՀ-ն մերժում է մինչև 2018 թ. ապրիլ մշակված կարգավորման բոլոր տարբերակները և նմանատիպ այլ հայտարարությունները բոլորովին չեն խոսում պատերազմից վախեցող և դրանից ամեն կերպ խուսափող դիրքորոշման մասին։ Իհարկե, կարելի է ենթադրել, որ քաղելով սեփական հախուռն և չհաշվարկված քաղաքականության դառը պտուղները՝ առնվազն 4000 զոհ, 11 000 վիրավոր, հարյուրավոր անհայտ կորածներ ու գերիներ, և շուրջ 8 500 քառակուսի կիլոմետր տարածքի կորուստ, իշխանությունները որոշել էին ամեն գնով խուսափել հնարավոր նոր պատերազմից և կատարել հակառակորդի բոլոր պահանջները։

Սակայն այստեղ ծագում է մեկ այլ հարց. մի բան է իրական կամ հորինված ուժի սպառնալիքի և պատերազմով շանտաժի պայմաններում հակառակորդին հանձնել ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ, բոլորովին այլ բան է հայտարարել, որ այդ տարածքներն օրինական հիմքով պատկանում են հակառակորդին։ ՀՀ իշխանությունները, ցավոք, որդեգրել են երկրորդ ճանապարհը։ 2021 թ. սեպտեմբերին Գորիս–Կապան ավտոճանապարհին իրանական բեռնատարների հետ ծագած խնդիրների պայմաններում ՀՀ իշխանությունների արձագանքն այսպիսին էր. Ադրբեջանն իր տարածքում իրավունք ունի անել այն, ինչ ցանկանում է, ստեղծված խնդիրը երկկողմ Իրան–Ադրբեջան հարաբերությունների հարց է, ևև ՀՀ-ն այստեղ ոչինչ անել չի կարող։ Ընդ որում այս հայտարարություններն արվում են այն պայմաններում, երբ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ոչ միայն չի իրականացվել սահմանազատում և սահմանագծում, այլև անգամ չկա փոխադարձ համաձայնեցված փաստաթուղթ այդ գործընթացի հիմքում ընկած սկզբունքների վերաբերյալ։ Այս առումով մեր իշխանություններին չէր խանգարի օրինակ վերցնել Ադրբեջանի նախագահից, որը բազմիցս հրապարակային հայտարարել է, թե ադրբեջանական ուժերը 2021 թ․ մայիսի 12-13-ին չեն հատել ՀՀ սահմանը, գտնվում են ադրբեջանական տարածքներում և մեկ միլիմետր անգամ հետ չեն քաշվելու։

ՀՀ իշխանությունների անհասկանալի պահվածքին ականատես եղանք նաև 2021 թ. նոյեմբերի 11-ին, երբ Ադրբեջանը սկսեց մաքսային ստուգում անցկացնել Հայաստան–Իրան միջպետական ճանապարհով անցնող հայկական մեքենաների համար։ Կրկին հայտարարություններ այն մասին, որ Ադրբեջանը մաքսային անցակետերը տեղադրել է իր տարածքում, հետևաբար այն միջազգային իրավունքի ոչ մի տարր չի խախտել, իսկ Հայաստանի իշխանությունները ոչինչ անել չեն կարող։ Հրապարակային հայտարարվում է, որ չնայած Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթաց չի իրականացվել, սակայն ՀՀ իշխանությունները մոտավոր պատկերացում ունեն երկու պետությունների սահմանի վերաբերյալ, որի հիմքը 1920-ական թվականների ինչ-որ քարտեզներ են, և այդ մոտավոր պատկերացման հիման վրա էլ Ադրբեջանին են հանձնվել ռազմավարական նշանակության տարածքներ։

Այս գործընթացի երկրորդ կարևոր ուղղությունը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցն է։ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ ցանկանում է Սյունիքի մարզի տարածքով դեպի Նախիջևան երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ ստանալ առանց որևէ անձնագրային և մաքսային ստուգման։ Ադրբեջանցիները նշում էին, որ ինչպես իրենք են նման պայմաններ ապահովել Ադրբեջանի տարածքով Գորիսից Կապան երթևեկող ՀՀ քաղաքցիների համար, Հայաստանն էլ պետք է նույն պայմանները տրամադրի Ադրբեջանից Նախիջևան անցնող ադրբեջանցիների համար։ Վերջին 24 ժամվա ընթացքում ՀՀ իշխանությունները հպարտորեն շեշտում են, որ Գորիս-Կապան հատվածով մաքսային կետերի տեղադրումը զրկում է Ադրբեջանին նմանատիպ պահանջ ներկայացնելու հնարավորությունից, ինչը ներկայացվում է որպես ՀՀ դիվանագիտության խոշոր հաղթանակ։

Ստացվում է, որ ՀՀ իշխանություններն անհասկանալի հիմքերով Ադրբեջանին են հանձնում ռազմավարական նշանակությւան ճանապարհի մի մասը, հնարավորություն են տալիս նրան դրանով ՀՀ-ին շանտաժի ենթարկել, իսկ հետո Ադրբեջանի պահանջի չկատարումը համարում են մեծ հաղթանակ։ Սակայն Հայաստանի իշխանությունները չեն կարող հայտարարել, որ նոյեմբերի 11-ից Ադրբեջանը հրաժարվել է միջանցքային տրամաբանությունից։ Նման բան կարող է ասել միայն նախագահ Ալիևը, սակայն մենք նման հայտարարություններ դեռևս չենք լսել։

Այո՛, Ադրբեջանն իր պահանջները հիմնավորում էր նաև Գորիս-Կապան ավտոճանապարհի իրեն հանձնված հատվածում մաքսային և անձնագրային հսկողության բացակայությամբ, սակայն սա բոլորովին չի նշանակում, որ Ադրբեջանը նոր պատճառներ չի գտնի Սյունիքի մարզի տարածքով անարգել երթևեկություն կազմակերպելու իրավունք ստանալու համար։ Նրանք կարող են մեզ շանտաժի ենթարկել անկլավներով, կարող են պահանջել Լաչինի միջանցքում ռուսական ուժերին զուգահեռ ադրբեջանական անցակետեր տեղակայել, կամ այլ պատճառներ գտնել և շարունակել առաջ շարժվել միջանցքային տրամաբանությամբ։ ՀՀ իշխանությունների քայլերի համաձայն՝ Հայաստանը այդ դեպքում պետք է Ադրբեջանին հանձնի օրինակ Տիգրանաշենը և հայտարարի, որ դա ՀՀ դիվանագիտության մեծագույն հաջողությունն է, որովհետև Տիգրանաշենի հանձնումով Ադրբեջանը զրկվել է Սյունիքի մարզում միջանցք պահանջելու ևս մեկ հիմքից։

Մինչդեռ նույնիսկ ցանկացած կիսաձախողված պետություն ստեղծված իրավիճակում կձեռնարկեր հետևյալ նվազագույն քայլերը։ Հրատապ կարգով պետության ղեկավարը հանդիպում կկազմակերպեր հավատարմագրված բոլոր դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ղեկավարների հետ և հստակ բողոք կներկայացներ հակառակորդ պետության ապօրինի գործողությունների վերաբերյալ։ Օտարերկրյա պետություններում հավատարմագրված դեսպանները վաղ առավոտից կգրոհեին հյուրընկալ երկրների արտգործնախարարությունները՝ փոխանցելու իրենց պետության վճռական բողոքը։ Կքննարկվեր հակառակորդ պետության ապօրինի գործողությունների առնչությամբ միջազգային տարբեր կազմակերպություններում, մասնավորապես ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում հրատապ քննարկումներ իրականացնելու հարցը։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում, ինչը մեր արտաքին գործընկերներին հստակ ուղերձ կհղեր, որ Հայաստանը նույնիսկ կիսաձախողված պետություն չէ։

Մեկնաբանել