Միրզոյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենը քննարկել են Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության խնդիրը

Նոյեմբերի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ, հաղորդում է ՀՀ արտգործնախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության խնդրին։

«Արարատ Միրզոյանը շեշտել է, որ համամարդկային մշակութային ժառանգության մասը կազմող Արցախի հայկական պատմամշակութային կոթողների՝ Ադրբեջանի կողմից դիտավորյալ ոչնչացման և ինքնության խեղաթյուրման պայմաններում միջազգային հանրության կողմից կանխարգելիչ քայլերի իրականացումը ուղղակի հրամայական է։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածության, մասնավորապես՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում տարածաշրջան անկախ գնահատման առաքելություն ուղարկելու Գլխավոր տնօրենի առաջարկի իրականացման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել