Հումանիտար լրջագույն խնդիրներ են առաջ եկել ադրբեջանական անօրինական արարքներով. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սյունիք գործուղված աշխատանքային խումբը նոյեմբերի 11-ին փաստահավաք աշխատանքներ իրականացրել Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անօրինական սահմանային ու մաքսային վերահսկողության հետ:

Արման Թաթոյանի խոսքով՝ ձեռք բերված փաստերը հաստատում են, որ Սյունիքում առաջ են եկել մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներ և, առհասարակ, հումանիտար լրջագույն խնդիրներ։

«Լրջորեն դժվարացել է կապը Գորիս քաղաքի, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան և մյուս քաղաքացիական բնակավայրերի միջև՝ ադրբեջանական անօրինական արարքներով ճանապարհի երթևեկության արգելքի պատճառով: Նշված բնակավայրերում արդեն իսկ առաջ են եկել սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական օգնության և սպասարկման հասանելիության լուրջ սահմանափակումներ՝ մարդկանց կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի իրական վտանգի առաջ: Օրինակ՝ Գորիս համայնքի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերում մեծ դժվարությամբ է կազմակերպվել հացի մատակարարումը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած տվյալներով նշված գյուղերին հացը մատակարարվել է 16:00-ից հետո՝ Գորիսի համայնքային մարմինների լրացուցիչ ջանքերով»,- հայտնում է օմբուդսմենը։

Թաթոյանը նշում է, որ խնդրի լուծումն ավելի է դժվարանում այլընտրանքային ճանապարհի դժվարանցանելի, իսկ որոշ հատվածներում, անանցանելի լինելու պատճառով: Առաջիկայում ձմեռային եղանակային պայմանների պատճառով, ըստ ՄԻՊ-ի՝ ճանապարհի անցանելիությունը կարող է էլ ավելի սահմանափակվել:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային խմբի առաջնահերթ ուշադրության ներքո է եղել երեխաների իրավունքների հարցը. դպրոցներում անհնարին է եղել կամ մեծ դժվարությամբ է կազմակերպվել երեխաների կրթությունը: Ճանապարհի փակ լինելու լուրը մանկավարժներին, երեխաներին ու նրանց ծնողներին բերել է անակնկալի ու առաջ է եկել բացարձակ անորոշ վիճակ: Օրինակ՝ Բարձրավանի դպրոցի 9 ուսուցիչներից 4-ը դպրոց են գալիս Գորիսից, իսկ 1-ը՝ Կապանից։ Ստեղծված իրավիճակի պատճառով Գորիս քաղաքում բնակվող ուսուցիչները դասընթացը կազմակերպել են հեռավար եղանակով, քանի որ չեն կարողացել հասնել դպրոց: Հատուկ ենք նշում, որ այս բնակավայրն առավել խնդրահարույց է մեկուսացման առումով»,- տեղեկացնում է նա։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքային խմբի ուսումնասիրությունն առավել մանրամասն՝ այստեղ։

Մեկնաբանել