Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը ներկայացրել է իր իրական սեփականատերերին

zangezur

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նոյեմբերի 4-ին ընկերության իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել, որտեղ ներկայացված է ընկերության բաժնետիրական կառուցվածքը՝ վերջերս տեղի ուենցած խոշոր փոփոխություններից հետո։

Սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Մոսկվայում գրանցված, ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ձեռք է բերել կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, որից 15-ը նվիրել է կառավարությանը։ Տրոցենկոն նաև «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության բաժնետերն է, իսկ ընկերությունը՝ Սոթքի ոսկու հանքի և Ագարակի պղնձամոլիբդենայինի շահագործողն է։

Կոմբինատի ներկայացրած սեփականատերերի հայտարարագրում պղնձամոլիբդենայինի ամենախոշոր բաժնետերը Ռոման Տրոցենկոն է՝ կոմբինատի ընդհանուր բաժնետիրական կապիտալում նրա մասնակցությունը 32,4 տոկոս է, 15 տոկոս մասնակցություն ունի հենց Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը, նույնքան՝ Հայաստանի Հանրապետությունը։ ԶՊՄԿ-ում 12,4 տոկոս բաժնեմաս ունի Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը, կոմբինատում 8,1 տոկոս բաժնետոմսեր ունի Միրզաազիզ Մուսախանովը. նա նոր է հայտնվել կոմբինատում և ըստ էության Ռոման Տրոցենկոյի հետ փոխկապակցված անձ է։ Մուսախանովը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տնօրենների խորհրդի անդամ է նշանակվել վերջերս, Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի տնօրեններից է։ Մուսախանովը նաև Տրոցենկոյի Novaport Group-ի տնօրենների խորհրդի նախագահն է։ Novaport Group-ը 16 օդանավակայան ունի Ռուսաստանի տարածքում, օդանավակայաններ շահագործող ընկերությունն օրինակ 2019-ին ունեցել է ավելի քան 23 միլիոն ուղևոր։

4,5 տոկոսի չափով բաժնետեր է դարձել նաև Ռոման Խուդոլին՝ «Գեոպրոմայնիգ գոլդ»-ի գործադիր տնօրենը։ Տրոցենկոն իր հետ փոխկապակցված այս երկու անձանց միջոցով տիրապետում է կոմբինատի 45 տոկոսին։

Ընկերությունում 12.4 տոկոս բաժնետոմսեր ունի Միխայիլ Զուրաբովը՝ Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար։ Հիշեցնենք, վերջինս ապօրինի է համարում Տրոցենկոյի կողմից կոմբինատի 60 տոկոսի ձեռքբերումն ու դրա մի մասի նվիրատվությունը կառավարությանը։ Զուրաբովը Հայաստանի ներպետական ատյաններում վիճարկում է գործարքն ու պահանջում կոմբինատի 75 տոկոսն օտարել իրեն։

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի 7,5 տոկոսը պատկանում է նախկին գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին, 2,5-ական տոկոս էլ ունեն «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրը՝ Կարեն Հակոբյանն ու Գուրգեն Ամբարյանը։

Զանգեզուրի պղնձամոլիդենայինը, ինչպես նաև կառավարությունը հրաժարվել են Սիվիլնեթին տրամադրել համապատասխան գործարքների պայմանագրերը՝ դրանք որակելով որպես առևտրային գաղտնիք։