Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը․ Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, հաղորդում է Հայաստանի կառավարության կայքը։

Նիստի ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում 40 հազար մարդ մնաց անօթևան և կորցրեց ունեցվածքը, ավերվեցին 17 հազար քաղաքացիական օբյեկտներ և ենթակառուցվածքներ, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք զոհվեցին և վիրավորվեցին, շատերի ճակատագիրը դեռևս անհայտ է։ Չնայած ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ գերության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների, ինչը ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի, այլև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է»։

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանը խեղաթյուրում է տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները՝ շահարկելով «միջանցքի» գաղափարը։ Ընդ որում, Հայաստանի փոխվարչապետը շեշտել է, որ «միջանցքի» գաղափարն ուղեկցվում է ուժի կիրառման սպառնալիքներով։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով: Հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։ Իրավիճակը լիցքաթափելու և տարածաշրջանում խաղաղ զարգացման փուլ մտնելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի՝ հրաժարվելով ատելության քաղաքականությունից, ագրեսիվ հռետորաբանությունից և թշնամական գործողություններից»,- ասել է Գրիգորյանը։

Մեկնաբանել