«Ադրբեջանցիներին ծեծած» մոսկվաբնակ Դիանա Մարտիրոսյանի պատմության ճիշտն ու սխալը․ «Շաբաթվա ֆեյքերը»

արթուր պապյան - դիանա մարտիրոսյան

Նախորդ շաբաթ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում ակտիվորեն տարածվում և քննարկվում էր Դիանա Մարտիրոսյանի մասին սենսացիոն լուրը, որը հրապարակվել էր հայաստանյան մի շարք բլոգների, սունկ կայքերի, YouTube-յան ալիքների կողմից։

Լուրը հակիրճ էր՝ հաղորդվում էր, որ «Մոսկվայում ազգությամբ հայ Դիանա Մարտիրոսյանը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց»։ Նշվում էր նաև, որ Դիանան 23 տարեկան է, զբաղվում է մարտեր առանց կանոնների սպորտաձևով, ունի մեդալներ և պատվոգրեր։ Ադրբեջանցիները եղել են 23, 19 և 24 տարեկան։ Դեպքը տեղի է ունեցել Մոսկովյան մետրոներից մեկի տարածքում գտնվող սրճարանի մոտ։

Լուրի նախնական տարբերակներում նշվում էր, որ Դիանայի հագին եղել է Հայաստանի դրոշով սպորտային վերարկու և պայուսակ։ Մեկ այլ տարբերակի համաձայն՝ նրա հագուստին ուղղակի պատկերված է եղել Հայաստանի զինանշանը։ Ադրբեջանցիները, տեսնելով եռագույնը կամ զինանշանը, հայհոյանքներ են հնչեցրել, ինչից հետո Դիանան կռվի է բռնվել և ծեծել նրանց։ Ադրբեջանցիներից մեկը՝ 23-ամյա Իլհամը, տեղափոխվել է մոտակա հիվանդանոց, նրա մոտ ախտորոշվել են քթի և դիմածնոտային կոտրվածքներ, մյուս երկուսը ստացել են առաջին բուժօգնություն և դուրս են գրվել հիվանդանոցից։

Հասկանալի է, որ նման տեղեկատվությունը մեծ ոգևորությամբ ընդունվեց հայկական համացանցում։

Ավելի ծանրակշիռ հայաստանյան լրատվամիջոցները սկսեցին այն տարածել, երբ լուրը հրապարակեց ռուսաստանաբնակ հայերի «Երկրամաս» պարբերականը, քանի որ ենթադրվում էր, որ ռուսաստանաբնակ հայերի լրատվամիջոցը պետք է որ հնարավորություն ունենար ստուգելու տեղեկատվությունը։ «Ա1պլյուս»-ը այս առնչությամբ գրել է․ «Ի դեպ, որևէ այլ աղբյուր այս մասին տեղեկատվություն չի տարածել, ինչը շատերի մոտ կասկածի տեղիք է տվել տեղեկատվության իսկության մասով»։

Եվ իսկապես՝ ուշադրիր կարդալիս պարզվում է, որ «Երկրամաս»-ն իր հերթին հղում էր տվել YerevanBlog-ին, որը շոու-բիզնեսի ու սկանդալային լուրեր տարածելու հարթակ է։ YerevanBlog-ն էլ հղում է տվել LiteBlog-ին, որը նույնպես սկանդալային ու սնենսացիոն լուրերի հարթակ է, իսկ LiteBlog-ում համապատասխան էջը ջնջված է։

Առհասարակ որակյալ լրագրության մեջ ընդունված է համարել, որ եթե լրատվամիջոցի թղթակիցը դեպքի վայրում չի եղել, տեղեկությունը պետք է ստուգել առնվազն երկու անկախ աղբյուրից։

Սա չի նշանակում, որ Դիանա Մարտիրոսյանի հետ կապված միջադեպը կեղծիք է։ Ուղղակի պետք է փաստենք, որ կայծակնային արագությամբ տարածված այս տեղեկությունը լիարժեքորեն ստուգված չէ՝ հրապարակումներում որևէ լրագրող չի զրուցել Դիանայի, նրա հարազատների հետ, չկա տեղեկատվություն անգամ այն մասին, թե Մոսկվայի կոնկրետ որ մետրոյի կայարանի մոտ է տեղի ունեցել միջադեպը, որ հիվանդանոց են տեղափոխվել ադրբեջանցիները և այլն։

Հասկանալի է, որ լրագրողներից շատերը տեղեկությունը ստուգելու համար փորձեցին գտնել Դիանա Մարտիրոսյանի սոցցանցային օգտահաշիվները կամ գոնե նրա լուսանկարը, որպեսզի համապատասխան լուրին կից հրապարակեն այն։

Եվ շատերը, շփոթելով կամ չգտնելով լուրի հերոս Դիանա Մարտիրոսյանին, նրա փոխարեն գտել են Երևանում ապրող կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի անձնական էջերն ու սկսել են տարածել նրա լուսանկարները։ Այս կապակցությամբ հեռուստահաղորդավար Գոհար Հայրապետյանն է ուշագրավ գրառում արել Ինստագրամում․ «Ամբողջ համացանցը ու ՏիկՏոկը ողողված է լուրով, որ Մոսկվայում ապրող հայ աղջիկը՝ Դիանա Մարտիրոսյանը, ծեծել է երեք հարբած ադրբեջանցիների։ Ու քանի որ Դիանան հասկանալի պատճառներով ջնջել է սոցիալական ցանցերում իր էջը՝ ադրբեջանցիների հաշվեհարդարից խուսափելու համար, հայ հանրությունը անմիջապես գտավ փոխարինող․ Երևանում ապրող կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանին։ Անգամ հայտնվեցին մարդիկ, որոնք իբր խոսել են Դիանայի հետ, երեկ հետը տեսնվել են։ ՏիկՏոկում և սոցցանցերում տարածում են Դիանայի լուսանկարները, ոգևորված մեկնաբանություններ գրում, ու երբ անգամ Դիանայի հարազատ քույրը փորձում է մեկնաբանություններում պարզաբանել, որ դա իր քույրը չէ, նրան թուրք ֆեյք են որակում, որը ապատեղեկատվություն է տարածում։ Սա շատ հատկանշական դրվագ է, որը ևս մեկ անգամ փաստում է, թե որքան խոցելի է մեր հասարակությունը տեղեկատվական դաշտում»։

Շարունակելով՝ կրկին շեշտեմ, որ իսկապես շատ հավանական է, որ այս լուրի հերոսուհին՝ Դիանա Մարտիրոսյանը, հաշվեհարդարից խուսափելու համար ջնջել է իր սոցցանցային պրոֆիլները, իսկապես հնարավոր է, որ այս միջադեպը տեղի է ունեցել և շատ հասկանալի է, որ շատերն են ուրախությամբ տարածում այս լուրը։

Սակայն մեկ բան պարզ է՝ հրապարակված լուրը խիստ թերի է, լուրը հրապարակող առաջին աղբյուրը գտնել գրեթե անհնար է, անկախ աղբյուրի հղումներ չենք տեսնում։ Հետևաբար՝ ծանրակշիռ լրատվամիջոցները պետք է փորձեն գտնել այս հարցերի պատասխանները, որից հետո միայն կարելի է այն համարել որպես լիարժեք ստուգված և կայացած փաստ։

Իսկ մինչ այդ փաստենք, որ չստուգված տեղեկատվությունը դարձել է յություբյան և ֆեյսբուքյան սունկ-ալիքների սիրելի թեման, հրապարկվում են կեղծ տեղեկություններ այն մասին, թե Դիանա Մարտիրոսյանը հարցազրույց է տվել Անդրեյ Մալախովին, կամ թե Իրինա Ալեգրովան ուղերձով դիմել է Դիանա Մարտիրոսյանին և այլն։

«Ֆեյք նյուզի» վարպետները շահարկում են այն ընկճված տրամադրությունները, որոնք կան Հայաստանում, այն փաստը, որ մարդկանց այսօր հերոսներ են հարկավոր, և մարդիկ ուրախությամբ դիտում ու տարածում են այս տեղեկությունը, որքան էլ դրա աղբյուրը թերի կամ կասկածելի լինի։

Մեկնաբանել