Արցախ. միջադեպերի օպերատիվ հետաքննությունը հրամայական է

Գեղամ Բաղդասարյան

Նոյեմբերի 8-ին Շուշիի մերձակայքում՝ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում, տեղի ունեցած արյունոտ միջադեպը թերևս իր արձագանքը ստացել ու քննարկվել է հայ հանրությունում։ Բայցևայնպես, մի քանի հարց մնացել է օդում կախված։

Ադրբեջանի իշխանություններն այդ օրը փաստորեն արարողակարգային-ծիսական սպանություն իրականացրին Շուշիի մոտերքում՝ այդպես նշելով քաղաքի գրավման տարեդարձը։ Այս մարդատյաց ու ցինիկ գործողությունը կատարվեց այն ժամանակ, երբ Շուշիում էին դեռ այդ երկրի նախագահն ու Թուրքիայի պաշտպանության նախարարը։ Իսկ երեկոյան էլ տևական հրավառությամբ ու բարձրաձայն մուղամով փորձեցին ընկճել ստեփանակերտցիներին ու շրջակա հայկական գյուղերի բնակիչներին։

Շուշիում ելույթի ժամանակ հարևան երկրի նախագահն ասել է, որ հայությունն ու Հայաստանն այսուհետ ապրելու են պարտության խարանով։ Այդ օրվա ցուցադրական սպանության նպատակն էլ երևի հենց դա էր՝ ներարկել այդ միտքը։ Ըստ երևույթին, նրանք իրենց սադրանքներով պարբերաբար փորձելու են մեզ համոզել դրանում։

Մենք ստիպված ենք նկատի ունենալ այս դառը իրողությունը և մեր գլխին կախված դամոկլեսյան սրից ծլլացող ամենօրյա վտանգը։ Մենք ստիպված ենք նրանց համար խորհրդանշական օրերին ու կարևոր հանդիպումների ու միջոցառումների ժամանակ անպայման հաշվի առնել այս հանգամանքը։

Ու այս առումով այնքան էլ հասկանալի չէ, թե այդպիսի օրը նրանց հետ վտանգավոր մերձության տարածքում ինչ պարտադիր էր մեր աշխատողների ներկայությունը։ Միջանցքով երթևեկողները հաճախ տեսած կլինեն ճամփեզրին աշխատող ադրբեջանցի քաղաքացիական անձանց և հենց նրանց կողքին կանգնած խաղաղապահի կամ խաղաղապահների։ Ինչո՞ւ նոյեմբերի 8-ին մեր աշխատողների մոտ խաղաղապահ կանգնած չէր, առավել ևս, որ ջրմուղի աշխատողները հենց խաղաղապահների համար էին աշխատում։

Մեկ այլ հանգամանքի մասին։ ՌԴ խաղաղապահ զորակազմը հստակ արձանագրել է նոյեմբերի 8-ին կատարվածը և իր տեղեկագրում փաստել հետևյալը.

«Նոյեմբերի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 13։40-ին, ադրբեջանական կողմից Շուշիի շրջանում իրականացվել է կրակահերթ Լեռնային Ղարաբաղի չորս հոգուց բաղկացած բանվորական խմբի վրա, ինչի արդյունքում երեք մարդ վիրավորվել է, իսկ մեկը՝ սպանվել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ միջադեպի հետաքննություն է իրականացնում»:

Ուշադրություն դարձրե՛ք վերջին նախադասության վրա, որում խոսվում է սկսված հետաքննության մասին։ Միջադեպի հետաքննության մասին տեղեկատվությունը պիտի շարունակություն ունենա, և արցախյան հանրությանը պիտի տեղեկացվի դրա արդյունքների մասին։ Թե չէ տպավորություն է, որ այդ նախադասության նպատակը հանրային կարծիքը հանգստացնել-քնեցնելն է։ Համենայն դեպս, նույնպիսի վիճակ է նաև հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում հայ տրակտորիստի սպանության գործում։ Ահա այդ օրվա հաղորդագրության համապատասխան հատվածը թարգմանաբար.

«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում՝ շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչ։ Ռուսական զորակազմի հրամանատարությամբ տեղի է ունենում միջադեպի հետաքննություն՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ»։

Մեկ ամիս անց դեռ ոչինչ հայտնի չէ հետաքննության արդյունքների մասին։ Ամենայն հավանականությամբ, նույն պատկերը կլինի նոյեմբերի 8-ի միջադեպի հետաքնության հարցում։

Մինչդեռ սա կարևոր հարց է, միգուցե տվյալ պարագայում ամենակարևորը։ Ռուսաստանյան խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպերի օպերատիվ ու արդար հետաքննության մեխանիզմների ու ավանդույթների ստեղծումն ի զորու է եթե ոչ ամբողջթյամբ բացառել միջադեպերը, ապա զգալիորեն նվազեցնել դրանց քանակն ու որակը, նկատի ունեմ՝ լրջության աստիճանը։

Սա այն ուղղությունն է, որ պետք է Արցախի իշխանությունների ամենօրյա ուշադրության կենտրոնում լինի և դառնա խաղաղապահների հետ նրանց հարաբերությունների օրակարգային թեմա։

Եթե սա չարվի, իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Պաշտոնական ատյաններից օպերատիվ և արդար հետաքննություն ու մեղավորների պատիժ ակնկալող արցախյան հանրությունը վերջնականապես հիասթափվելու դեպքում կարող է դիմել այլ միջոցների, ինչի վկայությունն է այսօր առավոտյան կատարվածը։

Արցախի ԱԱԾ-ն այսօր հայտնել է, որ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է:

Նրանց համար, ովքեր տեղյակ չեն մանրամասներին, հավելեմ, որ, ըստ շրջանառվող լուրերի, նշված անհայտ անձը նոյեմբերի 8-ի միջադեպի ժամանակ տուժածներից մեկի հարազատն է։

Սա կարող է «առաջին ծիծեռնակը» լինել։