Ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայունացել է. ՊՆ

Ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, որտեղ այսօր ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով։ Հայկական կողմից տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից հերքում են նաև սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈւ զրահատեխնիկա է մտել։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Հայ դիրքապահները կանխել էին հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։

Մեկնաբանել