Հայկական դիվանագիտության ձախողումները. Էրիկ Հակոբյանի անդրադարձը

Էրիկ Հակոբյանն իր հեղինակային հաղորդմանը քննարկում է Հայաստանի դիվանագիտության ձախողումները: Նա խոսում է այն մասին, թե ինչ պետք է անեն հայ դիվանագետները և ինչպես պետք է մոտենան կոնկրետ իրադարձություններին, ինչպիսին 2022-ի Ֆրանսիայի նախագահական ընտրություններն են։

Այս շաբաթ կանդրադառնանք Հայաստանի դիվանագիտությանը՝ հատկապես Արցախյան երկրորդ պատերազմին հաջորդող տարում։ Կխոսենք ոչ թե անհատների, այլ մեր դիվանագիտական ծառայության հավաքական ձախողումների մասին, որովհետև ի վերջո կարևորը ոչ թե անհատներն են, այլ համակարգերը։ Այս հաղորդմանը կուղղվեն մի շարք հարցեր մեր դիվանագիտական ծառայությանը, և կտրվեն դրանց վերաբերյալ մեկնաբանություններ։

Առաջին հարցս՝ ո՞րն է Արցախի վերաբերյալ մեր քաղաքականությունը, ունե՞ք կոնկրետ քաղաքականություն, որովհետև եթե ունեք, որևէ կերպով հասկանալի չեք բացատրել։

Արցախի շուրջ մեր քաղաքականությունը պետք է լինի աշխարհին երեք տարբերակ ներկայացնելը․

Առաջին՝ էրդողան-Ալիև տարբերակ, այն է՝ Արցախում բնակվող բոլոր հայերի էթնիկ զտում կամ ցեղասպանություն։ Սա է եղել նրանց նպատակը ի սկզբանե, այս պատճառով են ձախողվել բանակցությունները, և այս պատճառով նրանք ամեն ինչ կանեն՝ կանխելու ԵԱՀԿ որևէ գործընթացի վերամեկնարկ։ Սա՝ առաջին տարբերակ․ կո՞ղմ եք սրան, թե՞ դեմ։

Երկրորդ՝ սառեցնել ներկա իրավիճակը և ամրագրել այն օրենքով, ոչ թե ինչ-որ հնգամյա մանդատով։ Օրինակ՝ խաղաղապահների ներկայությունն Արցախում՝ բնակչությանը էթնիկ զտումներից ու ցեղասպանությունից պաշտպանելու, և ԵԱՀԿ բանակցային գործընթացը վերսկսելու վերաբերյալ ֆիքսված ՄԱԿ-ի ԱԽ ինչ-որ բանաձև։

Եթե երկրորդ տարբերակը հնարավոր չէ, ապա մնում է միակ հնարավոր անմիջական լուծումը՝ «անջատում հանուն փրկության»։ Միջազգային օրենքով, եթե որևէ երկիր մտադիր է ցեղասպանել կամ էթնիկ զտման ենթարկել փոքրամասնությանը, այն կորցնում է որևէ օրինական իրավունք՝ այդ մարդկանց կառավարելու։ Ալիևի վարչակարգը վաղուց է կորցրել բարոյական կամ օրինական իրավունքը՝ արցախահայության կյանքում որևէ բան ասելու կամ անելու։ Ընդ որում, այն, ինչ արել է, ամեն օր շարունակում է և սպառնում է անել Ալիևի ռեժիմը, շատ ավելի դաժան է և ռասիստական, քան, օրինակ այն, ինչ Սլոբոդան Միլոշևիչն է արել Կոսովոյում։

Ուստի, եթե տարբերակ երկրորդը հնարավոր չէ, ապա աշխարհի ընտրությանը մնում է երրորդ տարբերակը։

Մեր դիվանագիտության խնդիրն է պարզեցնել այս երեք տարբերակները և միջազգային հանրությանը ներկայացնել՝ կո՞ղմ եք ցեղասպանությանը և էթնիկ զտումներին։ Եթե ոչ, ապա ունեք այս երկու մյուս տարբերակները։ Ընդ որում, պետք է նվազագույն խուսանավելու տեղ թողնել նրանց համար։

Երկրորդ հարցը մեր կառավարությանն ու դիվանագիտական ծառայություններին՝ արե՞լ եք որևէ ներքին ուսումնասիրություն՝ հասկանալու հայ դիվանագիտության ձախողումը վերջին մի քանի տասնամյակներում։ Եթե ոչ, ինչո՞ւ։

Երրորդ հարցս՝ ինչպե՞ս եք դուք այս դեգեներատ, ռասիստ ու նեոֆաշիստ ռեժիմի հետ պատերազմը հանրային հարաբերություններում տանուլ տալիս։ «Փիար» (PR) պատերազմը պարտվել մի մարդու, որն իր տգեղության ֆիզիկական դրսևորմամբ ու հռետորաբանությամբ արևելյան բռնապետ է, որին շատ հեշտ է դիվականացնել։ «Փիար» պատերազմը պարտվում ես մի երկրի, որի՝ պաշտոնական մակարդակով ազգային հերոսը կացնով մարդասպանն է։ Պարտվում ես մի երկրի տնազի, որի փոխնախագահը նախագահի կինն է։ Մի ղեկավարի, որը ավելի շատ մշակութային հուշարձաններ է վերացրել, քան Իսլամական պետությունն ու Տալիբանը միասին վերցրած։ Ղեկավար, որը Ալ Կաիդայի հետ կապ ունեցող միջազգային ահաբեկիչների է բերել Արցախ՝ պատերազմական հանցագործություններ կատարելու։ Մարդ, որը անձնական ինքնաթիռն է օգտագործել՝ առևանգելու հրեայի՝ Լապշինին։ Մարդ, որն իր խցերում ապօրինաբար պահում է հարյուրավոր հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց։ Մի ղեկավար, որը իր ահաբեկիչների ու թուրք դաշնակցի հետ ամենասարսափելի պատերազմական հանցագործություններն է կատարել եվրոպական հողի վրա՝ վաղ 90-ականների բոսնիական պատերազմից ի վեր։

Իրականում, դու պարտվում ես «փիար» պատերազմում, որովհետև չես էլ մասնակցում դրան՝ որևէ իմաստալից կերպով։ Գործի կեսը գործին ներկա լինելն է։ Իսկ հայկական կողմը վերջին մի տարվա ընթացքում չի էլ հայտնվել «փիար» պատերազմում։

Իմ երրորդ հարցը՝ ո՞րն է մեր պատմությունը։ Ինչ պատմույթ ես դու ներկայացնում մարդկանց։ Ո՞րն է աշխարհին ներկայացվող Հայաստանի պատմությունը՝ մասնավորապես, Արցախի մասին պատմությունը։ Պարզեցնեմ սա ձեզ համար։ Եթե դու հայ դիվանագետ ես և ամեն օր այլ երկրների քո դիվանագետ գործընկերներին կամ միջազգային մամուլից մեկին չես ներկայացնում, որ Հայաստանը ազատության կղզի է բռնապետության ծովում, դու քո գործը ձախողում ես։ Պետք է գործից դուրս գաս ու վերադառնաս տուն։ Եթե չես ձևակերպում ու ներկայացնում Արցախի հարցը մարդու իրավունքների տեսանկյունից, դու ձախողում ես քո գործը։

Ինչո՞ւ է սա կարևոր։ Որովհետև իրականում Արցախի հարցը հասցվել է մինչև մարդու իրավունքներ։ Այն այլևս տարածքային ամբողջականության կամ ազատագրված կամ գրավված տարածքների մասին չէ, այլ այն մասին, թե ինչ է անելու ֆաշիստական ռեժիմը՝ ենթակա փոքրամասնության հետ։ Խոսակցությունը նեղացվել է ընդհուպ մինչև մարդու իրավունքներ, և ամբողջ աշխարհին պետք է դեմ տալ պատին՝ այս համատեքստում։ Սա է ամենօրյա քո աշխատանքը։

Չորրորդ՝ ի՞նչ ես մեզ ու աշխարհին պատմում քո թշնամիների մասին։ Կրկին, պարզեցնեմ սա ձեզ համար։ Եթե դու հայ դիվանագետ ես և անցած տարվա պատերազմը բացատրելիս չես ասում քո դիվանագետ գործընկերներին կամ միջազգային մամուլին, որ Հայաստանն ու Արցախը հարձակման են ենթարկվել Եվրոպայի ամենահին ֆաշիստական պետության՝ Թուրքիայի, և Եվրոպայի ամենանոր ֆաշիստական պետության՝ Ադրբեջանի կողմից, քանի դեռ աշխարհը ձեռքերը ծալած նայում էր… այս ամենը դու պետք է գիշեր ցերեկ ներկայացնես՝ անցյալ տարվա պատերազմի մասին խոսելիս։

Երբ երկու տարի անց միջազգային մամուլը թվարկում է իր հերթական «վատ մարդիկ – բռնապետներ» ցանկը, եթե Իլհամ Ալիևի անունը մշտապես սադամների, քադաֆիների, կիմչոնըների և նմանների կողքին չէ, դու ձախողում ես քո գործը։ Ժամանակակից աշխարհը հանրային կապերի աշխարհ է։

Հաջորդ հարցս՝ ո՞րն է քո ամերիկյան քաղաքականությունը։ Ունե՞ս դու նման բան։ Այն, որ ԱՄՆ-ը մշտապես Հայաստանին կամ Արցախին վերաբերող հարցերում չեզոք դիրք է բռնում, անընդունելի է։ ԱՄՆ-ում միլիոնավոր հայեր են բնակվում, ներգրավված են այդ հանրության ամեն մի ազդեցիկ հատվածում։ Այն, որ չենք կարողացել նրանց ներգրավվել ավելի բովանդակային կերպով, մեծ ձախողում է։ Ինչո՞ւ է ԱՄՆ-ը կարևոր։ Ճիշտ է՝ այն սկսել է ավելի քիչ հետաքրքրություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում կամ այս տարածաշրջանում ընդհանուր առմամբ։ Ակնհայտ է, որ այն նաև ներքին երկարատև խնդիրների մեջ է։ Սակայն այն դեռևս աշխարհի առաջատար ուժն է։

Եթե մենք որևէ հնարավորություն ունենալու ենք ԵԱՀԿ-ի միջնորդությամբ լուրջ բանակցություններ սկսելու, այն միայն ու միայն տեղի կունենա ամերիկյան ճնշման արդյունքում։ Եվրոպացիները կա՛մ չունեն քաղաքական կշիռը, կա՛մ կամքը՝ դա անելու։ Ուստի մեզ անհրաժեշտ է ամերիկյան լուրջ քաղաքականություն։

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների մասին

Անցնենք հաջորդ հարցին։ Հաջորդ տարի Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են։ Ի՞նչ ծրագիր ունեք՝ այդ ընտրությունները հօգուտ Հայաստանի ու Արցախի զենքի վերածելու համար։ Ինչու՞ է սա կարևոր. որովհետև այդ ընտրություններում, որ ամենայն հավանականությամբ կծավալվեն ներկա նախագահ Մակրոնի և Էրիկ Զամորի միջև, երկու կողմերն էլ ֆրանսահայերի քվեների կարիքը կունենան։ Երկուսն էլ ձգտելու են իրենց կողմը գրավել այս ընտրազանգվածին։ Ֆրանսիան, ի վերջո, ԵՄ ամենահայամետ երկիրն է, և այդ միության երկրորդ ամենաէական ուժը։ Ուստի, պետք է ունենանք հստակ ֆրանսիական քաղաքականություն՝ անկախ ընտրություններից, իսկ եկող տարին մեզ մեծ հնարավորություն է ընձեռում։

Հաջորդ հարցը՝ ի՞նչ եք անում՝ թե՛ միջազգային, թե՛ տեղական հաղորդակցության համակարգերը բարելավելու համար, մեր պատմությունը պատմելու ուղղությամբ։ Սա ուղղակիորեն հանգեցնում է մյուս թեմային՝ ինչպես գիտեք, Հայաստանում նախարարություններ կան, օրինակ՝ Էկոնոմիկայի և առողջապահության, որոնք սփյուռքից մասնագետներ են բերում և բարձր պաշտոնների նշանակում։ Ուստի, այստեղ հեծանիվ չենք հայտնագործում։ Մենք աշխարհով մեկ ունենք հարյուրավոր հայեր, որոնք աշխատում են հանրային կապերի, դիվանագիտության ու քաղաքականության մեջ, և մենք պետք է ներգրավենք նրանց՝ բերելով ու պաշտոնների նշանակելով՝ արագ բարեփոխելու մեր դիվանագիտական ծառայությունը։

Օրինակ՝ ինչ կարող է արվել դեսպանի մակարդակով։ Իհարկե, դեսպանները քաղաքականություն կերտողները չեն, նրանք հարաբերություններ հաստատողն են։ Ենթադրենք, մեկը Ծոցի երկրներում երկար տարիներ բիզնեսով է զբաղվել, կարող եք նրան ԱՄԷ-ում դեսպան նշանակել, և նրանց առաջադրանքը կլինի քաղաքականության մեջ ու բիզնեսում հարաբերություններ հաստատել այդ երկրի հետ։ Պետք չէ սահմանափակվել հիմա մեր ունեցածով, մենք կարող ենք լայն մտածել, ավելի շատ մարդկանց ներգրավել ու դրանով բարեփոխել մեր համակարգը։

Որպես եզրափակում՝ ինձ չի ուրախացնում այս ամենի մասին այսպես խոսելը, որովհետև գիտեմ, որ մեր դիվանագիտական ծառայությունում կան հիանալի մասնագետներ։ Ցավոք, նրանք մեծամասնություն չեն։ Մենք ապրում ենք ժամանակներում, որտեղ տեղ չկա փափուկ ուժի կամ գեղեցիկ բառերի համար։ Այս ժամանակները դառը ճշմարտությունների և դրանց ուղղութամբ կատարվելիք քայլերի մասին են։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել