Պաշտպանության նախարարին հանելը շատ քիչ է, նրան, շտաբի պետին պետք է կալանավորել․ Էդիկ Բաղդասարյան

«Հետք» կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել նոյեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․

«Պաշտպանության նախարարին հանելը շատ քիչ է, նրան, շտաբի պետին պետք է կալանավորել: Էս խրամատներում դուք քանի՞ ժամ կմնաք, էս ի՞նչ վիճակում է զորքը: Լավ, ո՞նց կարող է թշնամին անարգել, առանց մի կրակոցի գա, հասնի քո դիրքեր, քեզ հանի էնտեղից: Սա ուղեղում տեղավորվելիք չի: Գուցե էս դիրքերը տալու համար էլ պայմանավորվածություններ կան, թե՞ ընդամենը համատարած բարդակի մի դրսեւորում է: Ինչո՞ւ սահմանի դիրքերը չեն կահավորվում, ինժեներական աշխատանքներ չեն կատարվում, այս հարցերի պատասխաններն ինչ-որ մեկը տալո՞ւ է, թե սա վարչապետի խաղաղության դարաշրջանի տրամաբանության շրջանակում է»,- գրել է Բաղդասարյանը։

Նոյեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել էին Հայաստանի տարածք․ «Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի զինված ուժերի չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից»,- հայտնել էր Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակը։