Պաշտպանության նախարարության և Անվտանգության խորհրդի՝ իրար հակասող հայտարարությունների շուրջ

syunik

Վերջին 30 ժամվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները հասարակության մոտ հերթական անգամ մի շարք անպատասխան հարցեր առաջ բերեցին։

Նոյեմբերի 14-ի ցերեկը լուրեր տարածվեցին մի շարք ուղղություններով ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ տարածք ներխուժման մասին։ Պաշտպանության նախարարությունը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, նշելով, որ ադրբեջանական ԶՈՒ-ի ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, սակայն հայ սահմանապահները կանխել են այդ տարածքում դիրքավորվելու հակառակորդի փորձերը։ Այնուհետև Տելեգրամի ադրբեջանական ալիքներում հրապարակվեցին տեսագրություններ, որոնցում ադրբեջանցիները հայ զինվորներին առանց որևէ դիմադրության հարկադրում էին լքել դիրքերը և հեռանալ։ Նոյեմբերի 14-ի երեկոյան պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն հրապարակեց՝ հայտարարելով իրավիճակի հարաբերական կայունացման մասին և հերքելով ադրբեջանական զրահատեխնիկայի՝ հայկական տարածք մտնելու մասին տեղեկությունները։

Նոյեմբերի 15-ին օրվա առաջին կեսին ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ։ Վարչապետը հայտարարեց, որ նոյեմբերի 14-ին այդ ձևաչափով մի քանի անգամ քննարկումներ են եղել, որոնց առարկան եղել է ադրբեջանական զորքերի կողմից ՀՀ տարածք ներխուժման փաստը։ Վարչապետը նաև հայտարարեց, որ որոշում է կայացրել Արշակ Կարապետյանին ազատել պաշտպանության նախարարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։ Քիչ անց հրապարակվեց Անվտանգության խորհրդի հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանի զինված ուժերը զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, և հերքվում էին այն լուրերը, որ վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել։

Փաստորեն Անվտանգության խորհրդի հայտարարությունը ուղղակիորեն հերքում է ընդամենը ժամեր առաջ պաշտպանության նախարարության տարածած հաղորագրությունը։ Սա վկայում է, որ, ցավոք, պաշտպանության նախարարությունը շարունակում է հասարակությանը կեղծ տեղեկատվություն մատուցելու քաղաքականությունը, որը լայն ծավալներ էր ստացել 2020 թ. արցախյան պատերազմի ժամանակ։ Այս գործելաոճը ուղղակիորեն խարխլում է հասարակության վստահությունը պաշտոնական տեղեկատվության նկատմամբ և հարկադրում մարդկանց վստահել հակառակորդի տարածած լուրերին։

Զարմանք է առաջացնում այն հանգամանքը, որ նոյեմբերի 14-ի երեկոյան պաշտպանության նախարարության տարածած և իրականությունը խեղաթյուրող հայտարարությունն ընդունվել է Անվտանգության խորհրդում կայացած մի շարք քննարկումներից հետո։ Ակնհայտ է, որ պաշտպանության նախարարը չէր կարող չմասնակցել այդ քննարկումներին և հայտարարության տեքստը չէր կարող չհամաձայնեցվել Անվտանգության խորհրդի անդամների հետ։ Ինչու է Անվտանգության խորհուդը հավանություն տվել իրականությունը կեղծող հայտարարությանը, իսկ 16 ժամ անց հերքել այն, հստակ բացատրություն չկա։

Պարզ չեն նաև նախարարի պաշտոնանկության պատճառները։ Եթե նախարարը պաշտոնից ազատվել է ադրբեջանցիների կողմից հայկական դիրքերը գրավելու պատճառով, ապա այստեղ առնվազն հավասարաչափ պատասխանատվություն պետք է կրի նաև Գլխավոր շտաբի պետը, որը 2019 թ. հուլիսի 4-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի կանոնադրության համաձայն ղեկավարում է Գլխավոր շտաբը, զինված ուժերի անմիջական հրամանատարն է, և հանդիսանում է Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը:

Հարկ է նշել, որ ադրբեջանական զորքերը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր էին ներխուժել և տարածքներ գրավել նաև 2021 թ. մայիսի 12-ին և 13-ին, սակայն պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այդ դեպքերի պատճառով անմիջապես պաշտոնից չէր ազատվել՝ պաշտոնավարելով մինչև հուլիսի 20-ը։

Մտահոգիչ է նաև դիրքերի գրավման ժամանակ հայ զինվորների կողմից դիմադրության բացակայության փաստը։ Դժվար է հավատալ, որ դա արվել է բացառապես սեփական նախաձեռնությամբ, որովհետև տարրական ինքնապաշտպանության բնազդը պետք է ստիպեր զինվորներին կրակ բացել իրենց մոտեցող հակառակորդի վրա, քանի որ ոչ մի երաշխիք չէր կարող լինել, որ վերջիններիս հայ զինվորներին ֆիզիկապես չեն ոչնչացնելու։

Ինչ վերաբերում է նոր նախարարին, ապա առայժմ կարող ենք արձանագրել, որ ամենամեծ ուժային կառույցի ղեկավար է նշանակվել թիմի անդամներից վարչապետի ամենավստահելի մարդը, որն առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում ապացուցել է իր բացարձակ անձնական հավատարմությունը։

Մեկնաբանել