ԵՄ բոլոր ավիաընկերությունները կարող են թռչել Հայաստան․ Հայաստանն ու ԵՄ-ն նոր ավիացիոն համաձայնագիր են ստորագրել։
Եվրոպական միությունը եւ Հայաստանը համաձայնագիր են ստորագրել Ընդհանուր ավիացիոն տարածքի մասին, որը հիմնված է ավիացիոն անվտանգության, օդային երթեւեկության պահպանության եւ կառավարման ընդհանուր բարձր չափանիշների վրա։ Ստորագրումը նշանակում է նոր հնարավորություններ Հայաստանում և ԵՄ-ում սպառողների, ավիաընկերությունների և օդանավակայանների համար, նշվում է ԵՄ-ի տարածած հաղորդագրությունում։
Առավելությունները ներառում են օդային տրանսպորտի նոր հնարավորություններ, ավելի անմիջական կապեր եւ տնտեսական օգուտներ երկու կողմերի համար:
Ըստ համաձայնագրի՝
– ԵՄ բոլոր ավիաընկերությունները կկարողանան ուղիղ չվերթներ իրականացնել ԵՄ ցանկացած կետից դեպի Հայաստանի ցանկացած օդանավակայան և հակառակը՝ հայկական ավիաընկերությունների համար:
– Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ թռիչքների բոլոր սահմանափակումները կվերացվեն, իսկ բաց եւ արդար մրցակցության դրույթները կերաշխավորեն խաղի հավասար պայմանները:
«Համաձայնագիրը կնպաստի մարդկանց միջեւ շփումներին եւ ԵՄ-ի ու Հայաստանի միջեւ առեւտրային հնարավորությունների եւ առեւտրի ընդլայնմանը: Սա նաև արժեքավոր գործիք կդառնա ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման համար»,- նշվում է հաղորդագրությունում։