Ինչպես է Արցախը պատրաստվում ձմեռային սեզոնին, և արդյոք սպասվում են հովհարային անջատումներ

Օգոստոսին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտակերտ կատարած շրջայցի ժամանակ հայտնել էր «Գետավան 1» ՀԷԿ-ի կառուցման մասին և հավելել, որ եթե մինչև 2022 թվականի նոյեմբերը չկարողանան էլեկտրաէներգիա արտադրող աղբյուր ունենալ, 2022 թվականի ձմռանը Արցախում կլինեն հովհարային անջատումներ։ «Որովհետև այս հզորությունները, այն գիծը, որ ունենք Բերձորով եկող, բավարար չէ ձմռանն ամբողջությամբ հոսանք մատակարարելու համար»,- ասել էր Հարությունյանը՝ հավելելով, որ 17,6 մեգաՎատտ հզորությամբ հիդրոէլեկտրակայանի արժողությունը կլինի 25 մլն դոլար։ ՍիվիլՆեթը հարցում է ուղարկել՝ պարզելու, թե ինչ փուլում են աշխատանքները։

Մարտակերտի Գետավան համայնքում «Գետավան 1» ՀԷԿ-ի կառուցման նպատակով 2021թ․ ստեղծվել է «ԳԵՏԱՎԱՆ ԷՆԵՐՋԻ» փակ բաժնետիրական ընկերություն, որի միակ բաժնետերն է հանդիսանում Արցախի ներդրումային հիմնադրամը։ «Գետավան 1»-ը նախնական ցուցանիշներով տարեկան կարտադրի 93,16 մլն կիլովատտ/ժամ էներգիա։

ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ Արցախի նախագահի աշխատակազմից հայտնեցին (կցելով փակ բաժնետիրական ընկերության պատասխանը), որ այսօրվա դրությամբ կատարվում են նախագծանախահաշվային փաստաղթղթերի մշակման աշխատանքներ, զուգահեռ ընթացքի մեջ են «Գետավան-1» ՀԷԿ-ի հիմնական կառույցների տեղակայման համար նախատեսված համապատասխան տարածքների հողհատկացման և հողերի նպատակային նշանակության փոփոխման աշխատանքները։

Հովհարային անջատումների մասին

Հիդրոկայանի շահագործման ժամկետի վերաբերյալ տեղեկություն չի տրամադրվել, թեև հարցման մեջ խնդրել էինք պատասխանել այդ հարցին։ Ըստ ամենայնի, «Գետավան 1»-ը 2022 թվականի ձմռանը շահագործման չի հանձնվելու։ Արդյոք դա նշանակում է, որ Արցախում ձմռանը սպասվում են հովհարային անջատումներ։ Ինչպես Արայիկ Հարությունյանն է ասել՝ Բերձորով եկող գիծը բավարար չէ ձմռանն ամբողջությամբ հոսանք մատակարարելու համար։

Էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ զբաղվող «Արցախէներգո» ընկերությունը հավաստիացնում է, որ հետպատերազմյան շրջանում իրականացրել են մի շարք աշխատանքներ՝ 2021-2022թթ․ ձմեռային շրջանը սահուն անցկացնելու և էներգահամակարգի կայունությունն և անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ․ կառուցվել է «Մարտունի», վերանորոգվել է «Շինուհայր-Ստեփանակերտ», սպասարկման աշխատանքներ են կատարվել «Վանք-Հաթերք» օդային գծերում: Նաև վերակառուցվել են «Ստեփանակերտ», «Վրեժավան», «Իվանյան», «Մարտունի», «Վանք» ենթակայանները:

«Արցախէներգո»-ն հավաստիացնում է, որ գործող սխեմայով սնուցման պարագայում գալիք ձմեռային շրջանում հովհարային անջատումներ չեն նախատեսվում։ Ըստ ընկերության՝ նման անջատումներ հնարավոր են միայն «Շինուհայր-Ստեփանակերտ» 110 կիլոՎատտ օդային գծում կամ «Թար-Թառ» ՀԷԿ արտադրող կայանում վթար արձանագրելու պարագայում՝ մինչև վթարի վերացումը։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրած եռակողմ հայտարարության արդյունքում 36 հէկերից 30-ն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:

17,6 մեգաՎատտ հզորությամբ «Գետավան» ՀԷԿ-ը թերևս ամենահզոր փոքր ՀԷԿ-ը կլինի Արցախի՝ երբևիցե գործող փոքր ՀԷԿ-երից (Արցախի ամենախոշոր ՀԷԿ-ը «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող 50 Մվտ հզորությամբ գործող «Սարսանգ»-ն է): Նախկինում Արցախում ամենահզոր փոքր ՀԷԿ-ը Շահումյանի շրջանում 2019 թվականի դեկտեմբերից գործող «Էլիտ հիդրո»-ն էր:

2018 թվականից էներգետիկ առումով Արցախը ինքնաբավ էր դարձել, իսկ տարեցտարի աճող ավելցուկը արտահանվում էր Հայաստան. 2018-ին արտահանվել է 17,2 մլն կՎտ/ժ, 2019-ին՝ 85,7 մլն կՎտ/ժ, 2020-ին՝ 186,4 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Իսկ ահա 2021-ի օգոստոսի դրությամբ, ինչպես հայտնել են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարությունից, Արցախում էլեկտանէնեգիայի ընդհանուր սպառումը կազմել է 197,8 մլն կՎտ/ժ, որից 25,8 մլն կիլովատտ/ժամ էլեկտաէներգիան հաշվարկային հաշվով ձեռք է բերվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից։

Արցախում փոքր հզորությամբ ՋԷԿ են կառուցում

Պատերազմից առաջ Արցախում փորձում նաև զարգացնել արևային էներգետիկան, սակայն նախնական ցուցանիշով 1 մեգավատտ հզորությմաբ «Հաթերք Սոլար» արևային կայանի շինարարական աշխատանքների դադարեցման որոշումը ընդունել է «Արցախ ՀԷԿ» ընկերության տնօրենների խորհրդը՝ ելնելով պատերազմի հետևանքով ընկերության կրած մեծ նյութական և ֆինանսական վնասներից։ Ներկայում Արցախում այլընտրանքային էներգիա ստանալու միջոց են տեսնում ջերմաէլեկտրակայանները․ բնական գազի ներկրում, փոխադրում, բաշխում իրականացնող «Արցախգազ» ՓԲԸ-ն երեք ջերմաէլեկտրակայան է կառուցում, որոնց ընդհանուր հզորությունը կազմելու է 5 մեգավատտ։ ՋԷԿ-երից երկուսը լինելու է Ստեփանակերտում, մեկը՝ Մարտունի քաղաքում։

Հայկ Ղազարյան

Մեկնաբանել