Մինսկի խմբի համանախագահները մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին վերջին միջադեպի կապակցությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որով խորը մտահոգություն են հայտնում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի կապակցությամբ։ Համանախագաների հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Համանախագահները խորը մտահոգությամբ են դիտարկում տարածաշրջանում տեղի ունեցած վերջին միջադեպերը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակի ապաէսկալացիայի ուղղությամբ։ Համանախահգահները նաև կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից և ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և համաձայնեցված այլ պայմանավորվածությունները հրադադարի մասին։

Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։ Համանախագահները կողմերին կոչ են անում հիմնվել Նյու Յորքում և Փարիզում համանախագահների հովանու ներքո կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումների ընթացքում գրանցած առաջընթացի վրա և շարունակել ուղիղ երկխոսությունը՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման հասնելու նպատակով»,- ասված է համանախագահների հայտարարությունում։

Նոյեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել էին Հայաստանի տարածք․ «Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի զինված ուժերի չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից»,- հայտնել էր Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակը։