Ազգային ժողովը փակ նիստում կքննարկի ռազմագերիների թեման

Ազգային ժողովը նոյեմբերի 16-ի երկրորդ նիստում կքննարկի Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման վերաբերյալ հարցը։ Այս մասին հայտարարեց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիոմոնյանը։ Այնուհետև խորհրդարանը քվեարկությամբ որոշեց թեման քննարկել փակ նիստում։

«Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկումը նախաձեռնել են ընդդիմադիր պատգամավորները։

«Թեև արդեն մեկ տարուց ավելի է դադարեցվել են ակտիվ ռազմական գործողությունները, սակայն առ այսօր հստակ չեն մեր այն հայրենակիցների ճակատագրերը, որոնք անհայտ կորել են կամ գտնվում են գերության մեջ»,- նշված է նախագծում։

Ըստ ընդդիմադիր պատգամավորների՝ այս կենսական կարևորության հարցը պետք է լիներ Հայաստանի քաղաքական իշխանության ամենժամյա գործունեության առարկան՝ արտաքին քաղաքականությունից սկսած՝ ներքինով ավարտած. «Մինչդեռ մենք ականատես ենք իշխանության չհամակարգված աշխատանքի, վերջինիս անպատասխանատու, հաճախ իրար հակասող հայտարարությունների և գործելակերպի»,- համոզված են ընդդիմադիրները։

Ընդդիմադիրներն առաջարկում են որպես հարակից զեկուցողներ ներգրավել կառավարության անդամներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարներին, ինչպես նաև Ազգաին անվտանգության տնօրենին։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել