Հայաստանը հետաքրքրված է վրացական մոդելով «Արդարադատության տներ» ստեղծելու հարցում․ Կարեն Անդրեասյան

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեին, հաղորդում է Հայաստանի արդարադատության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել է Հայաստանում վրացական մոդելով հանրային ծառայություններ մատուցող «Արդարադատության տներ» կառուցելու նպատակով փորձի ու տեղեկության փոխանակման հնարավորություններն ու այս ոլորտում համագործակցությունը խորացնելուն վերաբերող մի շարք այլ հարցեր։

«Հանդիպման ընթացքում, ներկայացնելով նախարարության բարեփոխումների օրակարգը, Կարեն Անդրեասյանը հատկապես շեշտել է երկու ուղղություններով վրացի գործընկերների հետ փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ Դրանք վերաբերել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կարողությունների զարգացմանն ու քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք խնդիրների լուծմանը»,- ասված է հաղորդագրությունում։