ՊՆ պաշտոնյան կատարել է 12 ծանր հանցագործություն

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Հ.Դ-ն 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում դրսևորել է հակաիրավական վարքագիծ, որի շրջանակներում կատարել է 12 դրվագ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ:

«Հ.Դ-ն մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է տարբեր չափերի՝ ընդհանուր շուրջ 8 միլիոն դրամ կաշառքներ, չարաշահել է իշխանությունը և պաշտոնեական դիրքը՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող, ինչպես նաև զորահավաքի շրջանակներում զորակոչվող անձանց առաջնագիծ չտանելու, իրենց նախընտրած զորամասում ծառայության անցնելու, ծառայության վայրն ինքնակամ թողնելուն նպաստելու, պաշտպանության նախարարության աշխատակցին նախընտրած վայրում աշխատանքի տեղափոխելու և այլնի համար»,- ասված է հաղորդագրությունում։

Այս գործողությունների հետևանքով, ըստ ծառայության՝ էական վնաս է պատճառվել զինվորական ստորաբաժանումների առջև դրված խնդիրների կատարման բնականոն ընթացքին, խաթարվել է ռազմական դրության ժամանակ զորահավաքի կազմակերպման և զորահավաքային զինծառայողների համալրման բնականոն գործընթացը:

«Զուգահեռաբար նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների անհրաժեշտ համակցությամբ հիմնավորվել է, որ պաշտպանության նախարարության՝ կոչումով գնդապետ պաշտոնյան, 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իր ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով գտնվելով Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, գաղտնի եղանակով հափշտակել է ռազմական դրության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված առանձնապես խոշոր չափերի՝ 3,6 մլն դրամ արժողությամբ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել ընդհանուր թվով 22 անձ:

Մեկնաբանել