Իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ, հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ․ ՊՆ

14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ինչպես արդեն հաղորդվել էր, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ»,- ասված է հաղորդագրությունում։

***

Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել Հայաստանի արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը, հաղորդում է պաշտպանության նախարարությունը։

«Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով»,- տեղեկացնում է ՊՆ-ը։

***

Նոյեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել էին Հայաստանի տարածք․ «Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի զինված ուժերի չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից»,- հայտնել էր Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակը։

Մեկնաբանել