Ադրբեջանն օկուպացրած է պահում Հայաստանի տարածքի շուրջ 41 քառակուսի կմ-ը․ Աղաջանյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ սահմանին սադրիչ գործողությունները:

«Նոյեմբերի-14-ին Հայաստան-Ադրբեջան սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զինված ուժերը զինտեխնիկայի կիրառմամբ ներխուժել են ՀՀ տարածք, բանակցությունների արդյունքում զինտեխնիկան ու զորքերի մեծ մասը հետ է քաշվել, բայց հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ»,-հայտարարեց Աղաջանյանը:

Նա նշեց, որ տեղի ունեցածի հետևանքով վերը նշված հատվածում Ադրբեջանն ամրապնդել է մայիսի 2-ին ՀՀ տարածք ապօրինի ներթափանցման հետևանքով ունեցած ներկայությունը:

Պատգամավորի խոսքով՝ մայիսի 12-ի ներթափանցումից հետո Ադրբեջանն օկուպացիայի ներքո է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառակուսի կիլոմետր տարածքը՝ շուրջ 11 տեղամասում:

«Ադրբեջանի իշխանությունները հանդես են գալիս Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հայտարարություններով, ըստ էության, նորանոր տարածքային ու անվտանգային սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի համար: Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները կրում են ամենօրյա բնույթ, այս իրավիճակը ուղիղ սպառնալիք է ստեղծում ՀԱՊԿ անդամ երկիր հանդիսացող Հայաստանի համար», – ասաց Աղաջանյանը:

Մեկնաբանել