«Քաղաքացիական պայմանագիրը» կրկին բողոքում է ՀԱՊԿ-ից

Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի սուվեներ տարածքի վրա՝ խախտելով տարածքային ամբողջականության սկզբունքը․ այս մասին խորհրդարանում նոյեմբերի 16-ի նիստին հայատարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։ Նա ասաց, որ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ի հայտարարությունների դրույթները։

«Հրավիրում ենք Ռուսաստանի Դաշնության, որը մեր ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ-ի, ինչպես նաև ողջ միջազգային հանրության ուշադրությունը այս խնդրի վրա»,- ասաց պատգամավորը։

Մեկ այլ իշխանական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը շեշտեց, որ ադրբեջանական ռազմական ագրեսիան ուղղված է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Նա նաև անգլերենով հայտարարություն ունեցավ Ազգային ժողովի ամբիոնից։

ՔՊ-ից Վիգեն Խաչատրյանը նշեց, որ ադրբեջանական իշխանությունը հերթական սադրանքն է իրականացնում Հայաստանի հանդեպ. «ՀԱՊԿ-ի կառավարական պահվածքն անցնում է բոլոր բարեկրթական սահմանները, ես գտնում եմ, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը պարտավոր է իր ստանձնած պարտականությունները լուծել։ Սա չի նշանակում, որ մենք մեր ճակատագիրը կապելու ենք նրանց հետ։ Մենք չենք ուզում նոր զոհեր ու նոր վիրավորներ, բայց եթե անհրաժեշտ լինի, դրան պատրաստ ենք։ Եթե մեր դաշնակիցները ի զորու չեն կատարել իրենց պարտականությունները, մենք կարող ենք ունենալ այլ դաշնակիցներ, որևէ մեկը մեզ չի խոչընդոտում»,- հայտարարեց պատգամավորը։

Մեկնաբանել