Հայաստանը դիմելու է Ռուսաստանին՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով․ Արմեն Գրիգորյան

Հայաստանը դիմելու է Ռուսաստանին՝ 1997-ի պայմանագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք Ռուսաստանին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997-ի պայմանագրի շրջանակներում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում»,- ասել է ԱԽ քարտուղարը։

Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ բանավոր դիմումին հետևելու է նաև գրավոր ընթացակարգ։

Նրա խոսքով՝ Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը օգնություն կտրամադրի, և «մենք հնարավորություն կունենանք վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։

***

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, ընթանում են տեղային մարտեր։

Մեկնաբանել