Հայաստանը դեռ պաշտոնական գրավոր հարցում չի ուղարկել Ռուսաստանին. Տողանյան

Ռուսաստանն ու Հայաստանը խորհրդակցություններ են անցկացնում ռազմական և դիվանագիտական խողովակներով՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

«Օպերատիվ գծով խորհրդակցություններ են ընթանում (սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ)՝ ռազմական, այլ գերատեսչությունների գծով, դիվանագիտական ուղիներով», – ասել է դեսպանը:

Հայաստանը դեռ պաշտոնական գրավոր հարցում չի ուղարկել Ռուսաստանին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, հայտարարել է դեսպանը:

Ավելի վաղ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանը դիմելու է Ռուսաստանին՝ 1997-ի պայմանագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։

***

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հայկական կողմն ունի երկու մարտական դիրքի կորուստ։ Ընթանում են տեղային մարտեր։

Մեկնաբանել