Սահմանային մարտերի ընթացքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռ է մտել ՀՀ օդային տարածք

Մինչ Սյունիքում շարունակում է պահպանվել սահմանային լարվածությունը և ադրբեջանական և հայկական ուժերի միջև ընթանում են մարտեր, ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը թռիչք է իրականացնում Հայաստանի օդային տարածքով։

Ինչպես տեղեկանում ենք Flightradar24.com կայքից, «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) 4K-AZ84 գրանցման համարով քաղաքացիական ինքնաթիռը Բաքու-Նախիջևան J2255 չվերթն է իրականացրել Հայաստանի օդային տարածքով։

Ինքնաթիռը Բաքվից դուրս է եկել այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 17։01-ին և Նախիջևան է հասել 17։54-ին։ Ինչպես երևում է տեսանյութում, օդանավը մտել է Հայաստանի օդային տարածք Գեղարքունիքի մարզով, Վայոր ձորի և Արարատի մարզերով և մտել Նախիջևան։

Ադրբեջանը այս տարվա հոկտեմբերից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը ներքին թռիչքներ իրականացնելու համար։

Նոյեմբերի 16-ին պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Օրվա ընթացքում տեղի ունեցած մարտերի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր, վիրավորներ, ինչպես նաև դիրքերի կորուստ։

Անի Գրիգորյան

Մեկնաբանել