ԱԽ քարտուղարն ընդունել է Ֆրանսիայի, Իրանի և ԱՄՆ դեսպաններին

Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոնին:

Հանդիպման սկզբում դեսպանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունները և կարևորել դրանց հետագա զարգացումը:

Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժմանը ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների վերադարձին:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը քաղաքականապես դեռևս կարգավորված չէ: Այս համատեքստում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ:

ԱԽ-ի մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ Գրիգորյանն այսօր հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Հանդիպման սկզբում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ մարտավարական իրավիճակը:

Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության, ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը:

Երկուստեք համոզվածություն են հայտնել, որ հնարավորինս շուտ կարելի է նվազեցնել սահմանային լարվածությունը և սկսել խաղաղ կարգավորման գործընթացը:

Արմեն Գրիգորյանն ընդունել է նաև Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին:

Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ մարտավարական իրավիճակը: ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Ադրբեջանի այս գործողությունները հարված են ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը:

Գրիգորյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ զորքերը պետք է հայելային տարբերակով հետ քաշվեն մինչև 2021թ. մայիսյան ներխուժմանը նախորդող դիրքերը: ԱԽ քարտուղարը նաև նշել է, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, որը, սակայն, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ առնչություն չունի:

Մեկնաբանել