Մակունցը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազանգ է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ, հաղորդում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

«Հեռախոսազանգի ընթացքում դեսպանը ներկայացրել է Ադրբեջանի զինուժի ռազմական ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմաններում տիրող իրավիճակը: Դեսպան Մակունցը շեշտել է միջազգային հանրության անհապաղ թիրախային կոչերի անհրաժեշտությունը՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- ասված է հայտարարությունում։

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հայկական կողմն ունի երկու մարտական դիրքի կորուստ։

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է, որ ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 15 զոհ։ Պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է 12 զինծառայողի գերեվարվման մասին։

Մեկնաբանել