ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պատրաստ են քննարկել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ նիստ առայժմ չի պլանավորել, բայց Անվտանգության խորհրդի անդամները կարող են դա քննարկել։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվյերը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Օրակարգում ոչինչ չկա, բայց տեսնենք։ Մենք կարող ենք դա քննարկել»,- լրագրողներին ասել է Դե Ռիվյերը։

***

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հայկական կողմն ունի երկու մարտական դիրքի կորուստ։

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է, որ ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 15 զոհ։ Պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է 12 զինծառայողի գերեվարվման մասին։