Նախագահն ու վարչապետը քննարկել են սահմանին ստեղծված իրավիճակը

Ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակի հետ կապված՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է նախագահի աշխատակազմը։

«Քննարկվել է ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Վարչապետը տեղեկություններ է հաղորդել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի սահմանների ու տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությունների վերաբերյալ և ներկայացրել հայկական զինուժի կողմից ձեռնարկվող գործողությունները»,- ասված է հաղորդագրությունում։

Նախագահի աշխատակազմից հայտնում են նաև, որ Սարգսյանը Հայաստանի շահերը կներկայացնի Սինգապուրում անցկացվող միջազգային համաժողովի ընթացքում։

«Նկատի ունենալով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախօրոք ծրագրված մասնակցությունը Սինգապուրում կայանալիք The Bloomberg New Economy միջազգային հեղինակավոր համաժողովին, նպատակահարմար է համարվել, որ Հանրապետության նախագահը, օգտագործելով նաև միջազգային այդ ազդեցիկ հարթակը, համաժողովի շրջանակներում ներկայացնի Հայաստանի սահմաններին ստեղծված մտահոգիչ իրավիճակը, անդրադառնա ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի սահմանների ու տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություններին, ինչպես նաև Ադրբեջանում անօրինական պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդրին: Համաժողովին մասնակցելու են համաշխարհային առաջնորդներ, միջազգային կազմակերպությունների ու կորպորացիաների, ազդեցիկ լրատվամիջոցների ղեկավարներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

***

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հայկական կողմն ունի երկու մարտական դիրքի կորուստ։

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է, որ ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 15 զոհ։ Պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է 12 զինծառայողի գերեվարվման մասին։

Մեկնաբանել