Շոյգուն և Հասանովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցում քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ Շոյգուն պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու և իրավիճակը կայունացնելու համար։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

***

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հայկական կողմն ունի երկու մարտական դիրքի կորուստ։

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է, որ ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 15 զոհ։ Պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է 12 զինծառայողի գերեվարվման մասին։

Մեկնաբանել