Այժմ սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված․ Փաշինյան

Այս պահին սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում նման հայտարարությամբ է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում այսօր տեղի ունեցած մարտերի ընթացքում հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի առնվազն 6 միավոր զրահատեխնիկա և էական վնաս է հասցրել կենդանի ուժին․ «Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կլինեն ճշգրտված տեղեկություններ»։

«Տեղի ունեցողին կարող է տրվել միայն մեկ գնահատական՝ սա ուղիղ ագրեսիա է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- ասել է Փաշինյանը։

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հայկական կողմն ունի երկու մարտական դիրքի կորուստ։

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է, որ ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 15 զոհ։ Պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է 12 զինծառայողի գերեվարվման մասին։