Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի լարվածության առնչությամբ և կոչ է անում կողմերին պահպանել 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայում կնքված հրադադարի պայմանները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
«Ֆրանսիան խորապես մտահոգ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում անվտանգության իրավիճակի վատացման ու ծանր զինտեխնիկայի ենթադրայալ կիրառման առնչությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի՝ հատկապես հայկական կողմից։ Ֆրանսիան կոչ է անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը, ինչի վերաբերյալ նրանք պայմանավորվածություն էին ձեռք բերել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ֆրանսիական կողմը հիշեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարությունը, որում նրանք կոչ էին անում անհապաղ թուլացնել լարվածությունը և ընդգծում էին Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության շարունակման անհրաժեշտությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր չկարգավորված հարցերի հետ։
«Սահմանի դելիմիտացիան ու դեմարկացիան պետք է իրականացվեն բանակցությունների ճանապարհով»,- նշել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ ևս մեկ անգամ հիշեցնելով գործընթացում իր ներդրումն ունենալու պատրաստակամության մասին։
Հայ-ադրբեջանական սահմանի լարվածության առնչությամբ հայտարարություն է տարածել նաև ԱՄՆ Պետքարտուղարությունը։
***
Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է, հաղորդում է Հայաստանի ՊՆ-ն։
«Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի կենդանի ուժի մեծաթիվ կորուստ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։ Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է։ Եվս 12 զինծառայող գերեվարվել է։ Նոր տեղեկությունների դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ»,- նշվում է ՊՆ հաղորդագրությունում։