ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լուծել դեմարկացիայի հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտական գործողությունների վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով։ Կողմերին հորդորում ենք անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և հետագա էսկալացիան կանխելու համար: Կողմերին նաև կոչ ենք անում ուղիղ և կառուցողական ներգրավվածություն ունենալ բոլոր կարևոր հարցերը, այդ թվում՝ սահմանների դեմարկացիայի հարցը լուծելու գործում։

Ինչպես նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարության մեջ, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող մնացյալ բոլոր հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարությունում։

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հայկական կողմն ունի երկու մարտական դիրքի կորուստ։

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է, որ ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 15 զոհ։ Պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է 12 զինծառայողի գերեվարվման մասին։

Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է։

Մեկնաբանել