Եվրոպայի խորհրդը պատրաստ է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության կայացմանը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությանը:

«Ես մտահոգ եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող և մարդկային կյանքերի կորստի պատճառ դարձած միջադեպերի վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ: Հրադադարի մասին տեղեկությունը ողջունելի է, և ես կոչ եմ անում երկու կողմերին էլ պահպանել այն: Ավելի քան 20 տարի առաջ միանալով մեր կազմակերպությանը՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պարտավորություն ստանձնեցին կարգավորելու հակամարտությունը խաղաղ միջոցներով: Այս հանձնառությունը անփոփոխ է մնում և պետք է խստորեն հետևել դրան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Բուրիչի հայտարարության մեջ:

Նա հայտնել է, որ Եվրոպայի խորհուրդն իր լիակատար աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Հայաստանին ու Ադրբեջանին օգնելու իրենց շարունակական ջանքերում՝ հանուն խաղաղ կարգավորման:

«Մենք պատրաստ ենք նպաստել երկու անդամ պետությունների միջև երկխոսությանը՝ կառուցելու վստահություն ու նպաստելու հաշտեցմանը»,- եզրափակել է ԵԽ գլխավոր քարտուղարը:

***

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Ընթացել են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։

Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է։

Մեկնաբանել