Ժամանակն է, որ մենք գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ հետաքննենք․ Նիկոլ Փաշինյան

«Ժամանակն է, որ մենք գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ ձևով հետաքննենք»․ Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ զինված ուժերում ծառայություն անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ։ Գուցե այստեղ ընդհանրապես սխալ ենք վարվել, նաև էմոցիոնալ ֆոնի վրա։ Պետք է քննվի՝ ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն․ «Յուրաքանչյուր դեպքում մենք պետք է քննենք՝ այդ դեպքի հետ գործ ունենք, թե դեպքի հետ գործ չունենք»։

«Օրինակ, ակնհայտ է և ձևակերպված է, որ եթե մարդը վիրավոր է, անգիտակից վիճակում է և գերեվարվում է, նրան ոչ մի պահանջ չի կարող ներկայացվել»,- նշեց Փաշինյանը։

***

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։

Մեկնաբանել