Պաշտպանության նախարարի փոփոխության մանրամասները չպետք է հրապարակային քննարկվեն․ Նիկոլ Փաշինյան

«Չեմ կարծում եմ, թե պաշտպանության նախարարի փոփոխության մանրամասները պետք է հրապարակային քննարկվեն»։ Այս մասին Ազգային ժողով – կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախարարի պաշտոնը հայեցողական է։ Հայեցողական բառը շատ ամբողջական պատկերացում է տալիս, այսինքն, նախարար նշանակվում է վարչապետի հայեցողությամբ և ազատվում է վարչապետի հայեցողությամբ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նոր նախարարի նշանակման շարժառիթին, վարչապետը նշեց, որ քաղաքական հաղորդակցությունը և քաղաքական բովանդակության ընդհանրությունը շատ կարևոր են․ «Շատ կարևոր եմ համարում, որ և արտգործնախարարի, և պաշտպանության նախարարի կարգավիճակում մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներ են»,- ընդգծեց Փաշինյանը։

Նոյեմբերի 15-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Նրան այդ պաշտոնում փոխարինել էր փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։

Մեկնաբանել