Բաքվից Երևան է տեղափոխվել նոյեմբերի 16-ին ծավալված մարտերի ընթացքում զոհված հայ զինծառայողի մարմին

Նոյեմբերի 17-ի երեկոյան Բաքվից Երևան է տեղափոխվել նոյեմբերի 16-ին Հայաստանի արևելյան սահմանագոտում ծավալված մարտերի ընթացքում զոհված ՀՀ զինված ուժերի զինծառայողի մարմին։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Պարզվել է զինծառայողի ինքնությունը. 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան։

«Նոյեմբերի 17-ի երեկոյան, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան է տեղափոխվել նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտում ադրբեջանական ԶՈւ սադրանքից հետո ծավալված մարտերի ընթացքում զոհված ՀՀ ԶՈւ զինծառայողի մարմին: Նոյեմբերի 17-ին գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նախորդ օրը ծավալված մարտերի մանրամասները, ինչպես նաև տվյալներ հաղորդել գերեվարված հայ զինծառայողների վերաբերյալ․ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ինտենսիվ աշխատանքները ինչպես գերեվարված զինծառայողների վերադարձի, այնպես էլ մարտի արդյունքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ»։

***

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Ընթացել են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմն ունի 2 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Նոյեմբերի 17-ի առավոտյան պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ևս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։

Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է։

Մեկնաբանել