Մոսկվան լուրջ է վերաբերվում իր պարտավորություններին. Զախարովան՝ Հայաստանի դիմումի մասին

Բաքվի և Երևանի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարություններից երևում է, որ կողմերը տրամագծորեն հակառակ են գնահատում իրավիճակը և միմյանց մեղադրում կատարվածի մեջ․ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նոյեմբերի 17-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շփման մեջ է թե Ադրբեջանի, թե Հայաստանի հետ՝ իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու համար։

«Երեկ (նոյեմբերի 16-ին) հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն անցկացրել է հեռախոսային խոսակցություններ ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։ Այդ միջնորդական ջանքերի արդյունքում մարտերը դադարեցին», – ասել է նա։

Լարվածության թուլացման նպատակով, Զախարովայի խոսքով, շարունակվում է համատեղ աշխատանքը․ «Կոչ ենք անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել, թույլ չտալ նոր միջադեպեր և բոլոր վեճերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով», – ասել է նա՝ հավելելով, որ պատրաստ են հետագայում ևս աջակցել կողմերին՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման։

Վերջին իրադարձությունները, նշել է Զախարովան, հաստատում են ադրբեջանա-հայկական սահմանի սահմանագծման և հետագա սահմանազատման գործընթացի շուտափույթ գործարկման ու ավելի վաղ ներկայացված ռուսական առաջարկությունների հիման վրա համապատասխան համատեղ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի ողջ կարևորությունը:

«Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) գործունեությանը, ապա դուք, հավանաբար, տեսել եք նրանց համատեղ հայտարարությունը ս.թ. նոյեմբերի 15-ին, որում նրանք խորը մտահոգություն են հայտնում վերջին սահմանային միջադեպերի կապակցությամբ», – նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Զախարովան ասել է՝ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են ակտիվ միջնորդական ջանքերը։ «Ս. թ. նոյեմբերի 10-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի ունեցան նրանց առանձին և համատեղ հանդիպումներն Ադրբեջանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Աարարատ Միրզոյանի հետ: Այժմ «եռյակը» Վիեննայում է՝ քննարկելու ընթացիկ իրավիճակը», – ասել է նա։

Ռուսաստանը վերստին կաևորել է համանախագահների՝ տարածաշրջան այցելության շուտափույթ կազմակերպումը։

Զախարովան նաև անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև 1997թ.օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի» դրույթների, ինչպես նաև ՀԱՊԿ մեխանիզմների կիրառման հնարավորությանը:

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայի ֆոնին Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիոգյանը հայտարարել էր, որ Հայաստանը դիմելու է Ռուսաստանին՝ 1997-ի պայմանագրի շրջանակում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով:

«Ռուսաստանը լուրջ է վերաբերվում ինչպես իր երկկողմ, այնպես էլ բազմակողմ պարտավորություններին։ Երկկողմ ուղղությամբ իրականացվում են համապատասխան խորհրդակցություններ: Ինչ վերաբերում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ապա, մեր տեղեկություններով, այնտեղ ուշադրությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին», – ասել է Զախարովան։

Մեկնաբանել