Հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ տարածաշրջանում իրավիճակը դեռ մինչև վերջ չի հանդարտվել: Այս պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման գործում Ռուսաստանի դիվանագիտության դերն աճում է։ ՌԴ արտաքին գործերի նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ կանգնեցվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
«Սակայն վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ այս տարածաշրջանում իրավիճակը դեռ մինչև վերջ չի հանդարտվել։ Կայունության ապահովման համար խիստ պահանջված են ռուսական խաղաղապահ զորակազմի ջանքերը՝ որպես հրադադարի ռեժիմի պահպանման և խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր»,- ասել Է Պուտինը։
***
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Ընթացել են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմն ունի 2 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Նոյեմբերի 17-ի առավոտյան պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ևս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է։