Դատախազությունը ստուգում է ադրբեջանցի զինծառայողներին գերեվարելու ու գաղտնի վերադարձնելու մասին հրապարակումները

Ադրբեջանցի զինծառայողներին գերեվարելու, ապա գաղտնի վերադարձնելու տեղեկությունը կդառնա քննության առարկա․ այս մասին Ֆեյսբուքում գրառում է արել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Ադրբեջանի ԶՈՒ 6 զինծառայողներին ՀՀ ԶՈՒ-ի կողմից գերի վերցված լինելու և գաղտնի պայմաններում հետ հանձնելու վերաբերյալ հրապարակումները վերհանվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկումների շրջանակում:

Դրանք ուղարկվել են վարույթն իրականացնող համապատասխան մարմին՝ ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից ՀՀ պետական սահմանը նոյեմբերի 14-ին ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ստուգելու, քննության առարկա դարձնելու համար»,- գրել է Աբրահամյանը։

Մամուլում և սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվել, թե նոյեմբերի 14-ին ՀՀ սահմանագոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ սադրանքի հետևանքով տեղի ունեցած բախումների արդյունքում հայկական կողմը վեց ադրբեջանցի զինծառայող էր գերեվարել, այնուհետև հանրությունից գաղտնի վերադարձրել նրանց։

Տեղեկությունը «Արմենպրեսի» հետ զրույցում հերքել է նաև պաշտպանության նախարարությունը։