Ռուսաստանն անելիք ունի, նույնիսկ չդիմելու պարագայում համագործակցությունը պետք է իրականանար․ Անդրանիկ Քոչարյան

«Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ ստանալու աջակցություն, որպեսզի առաջին հերթին վերականգնվի ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը»․ այս մասին նոյեմբերի 19-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռազմական օգնության վերաբերյալ Հայաստանի հերթական դիմումին տրված արձագանքից հետո Հայաստանը կշարունակի ակնկալել ռազմական օգնություն Ռուսաստանից։

«Ինքնանպատակ չէ ռազմական օգնությունը կամ Ռուսաստանի ռազմական միջամտությունը, կարևորագույն խնդիրն այս պահին ՀՀ-ի սուվերեն տարածքի անձեռնմխելիության ապահովումն է, և դեմարկացիան ու դելիմիտացիան այն գործիքներն են, որոնք կապահովեն այդ արդյունքը»,- Քոչարյանի միտքը շարունակեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Անդրանիկ Քոչարյանը նաև հիշեցրեց, որ գոյություն ունի Հայաստան-Ռուսաստան համաձայնագիր, և Ռուսաստանը երաշխավորն է հրադադարի ռեժիմի պահպանման։

«Հենց դրա համար էլ Ռուսաստանն անելիք ունի, և պետք է նույնիսկ չդիմելու պարագայում այդ համագործակցությունը անմիջապես իրականություն դառնար։ Չնայած՝ տեսնում եք վերջին օրերին ինչ շահարկումներ են գնում, թե մենք պահանջներ ենք ներկայացնում, մենք պահանջ չենք ներկայացնում, պարզապես ուզում ենք, որ պայմանագրի բոլոր կետերը ճիշտ ժամանակին իրականություն դառնան»։

Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 18-ի կառավարության նիստում հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը առաջարկներ է ներկայացրել սահմանազատման և սահմանագծման նախապատրաստական ​​փուլի մասին, և ինքը համաձայնել է, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ խոսքը գնում է զրոյական կետից սկսելու մասին, և ՀՀ-ն տվել է իր համաձայնությունը այդ աշխատանքների սկզբին մասնակցելու համար։

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն էլ ավելացրեց, որ այդ մասին գրավոր ծանուցվել է Ռուսաստանի Դաշնությանը, և այն պահին, երբ որոշակի տեխնիկական հարցերի վերաբերյալ ձեռք կբերվի համաձայնություն, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է սկսել հանձնաժողովի ձևավորման գործընթացը և անցնել բուն աշխատանքներին։

Ճեպազրույցի ընթացքում խոսվեց նաև նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանակն սահմանի արևելյան հատվածում տեղի ունեցած մարտերի ընթացքում զոհերի, վիրավորների և գերեվարված անձանց մասին։ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այս պահի դրությամբ հաստատվել է վեց զոհի վերաբերյալ տեղեկատվությունը, անհետ կորածների տվյալները ճշգրտման փուլում են, իսկ գերիների հետ կապված որևէ շահարկում պետք է թույլ չտալ։

«Շատ կարևոր է նաև ճիշտ պատկերացնել հակառակորդի կորուստները և ներկայացվող տեղեկատվությունն ընդունել արժանահավատ, որը խոսում է մեր Զինված ուժերի կատարած գործողությունների մասին»,- նշեց Քոչարյանը։

Ռուսաստանից ակնկալվող օգնության և Սյունիքի դեպքերին Ռուսաստանի արձագանքի մասին ՍիվիլՆեթի տաղավարում ավելի վաղ խոսել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Գեղեցիկ Ոսկանյան

Մեկնաբանել