Անի Գրիգորյան
Օրերս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դժգոհեց, թե մենք՝ քաղաքացիներս, չպետք է սահմանափակվենք բանակին միայն վերբալ աջակցություն հայտնելով և ինչու չէ նաև բահ վերցնենք ու խրամատներ փորենք։
Պարոն Քոչարյանը, սակայն, երևի մոռացել է, որ մենք՝ հարկատուներս, հարկեր ենք վճարում, որպեսզի պետությունն ապահովի ինչպես բանակի զինումն ու ամրացումը, այնպես էլ սահմանների պատշաճ կահավորումն ու ենթակառուցվածքների զարգացումը։ Այսինքն մենք՝ քաղաքացիներս, մեր վճարած հարկերով արդեն իսկ ամենաուղիղ մասնակցությունն ենք ունենում բանակի ու զինված ուժերի պահպանմանը։ Չենք խոսում այն մասին, որ մեր որդիները, եղբայրներն ու հայրերն են գնում բանակ՝ հաճախ զոհաբերելով իրենց կյանքը։
Արբանյակային այս լուսանկարում, որ արվել է այս տարվա սեպտեմբերի 26-ին, պատկերված է ՀՀ տարածք ներխուժած և Սյունիքի մարզի Սև լճի հարևանությամբ այս տարվա մայիսից հետո հաստատված ադրբեջանական դիրքերը, իսկ դրանց դիմաց հայկական դիրքերն են։ Նկարում ակնհայտ է երևում է, որ ադրբեջանական դիրքերը շատ ավելի ամուր են։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գարնանը, երբ ադրբեջանցիները հեշտ ու հանգիստ մտան մեր տարածք, հայտարարեց, թե ձմռան պատճառով չէին կարողացել ամբողջ սահմանը կահավորել։ Հիմա մի ամբողջ ամառ է անցել, բայց․․․
Ինչո՞ւ սահմանները պատշաճ չեն կահավորվում։ Արդյոք մեր բյուջեն բավարար չէ՞, որ պաշտպանության նախարարությունը, օրինակ, պատվիրակի որևէ ընկերության իրականացնել խրամատները փորելու, դիրքերը ամրացնելու աշխատանքները, և այդ տաժանակիր աշխատանքը չիրականացնեն զինվորները։
2020-ի արհավիրքից հետո կառավարությունն այդպես էլ արմատապես չվերանայեց բյուջեի ծախսերը։ Անգամ պատերազմից հետո այդքան չարչրկված պարգևատրումներին 2021-ին հատկացվել է 35,3 միլիարդ դրամ կամ 70 միլիոն դոլար, իսկ 2022-ի համար նույնիսկ նախատեսում են ավելացնել՝ 36,5 մլրդ դրամ կամ 75 մլն դոլար:
Լավ, մոռանանք պարգևատրումների մասին։ Խոսենք առաջնահերությունների մասին։ Այս տարվա օգոստոսի 9-ին պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել «Սմարթլայն» ընկերության հետ՝ 115 000 տուփ А4 ֆորմատի թուղթ ձեռք բերելու համար։ Պայմանագրի արժեքն է մոտ 83,3 մլն դրամ կամ 176 հազար դոլար։ Յուրաքանչյուր տուփում առկա է 500 թերթ, այսինքն՝ ՊՆ-ն ձեռք է բերել 57 500 000 թուղթ։ Անհասկանալի է, թե պաշտպանական գերատեսչությունն ինչ է անելու այսքան թուղթը։

Նշեմ, որ նախորդ տարի էլ՝ 2020-ինմ ՊՆ ձեռք էր բերել 93 340 տուփ A4 ֆորմատի թուղթ՝ վճարելով շուրջ 67 մլն դրամ կամ 140 000 դոլար։ Փաստորեն մեկ տարվա ընթացքում ՊՆ-ում սպառվել է 46 670 000 թուղթ։ Տեխնոլոգիաների զարգացման այս դարում սա թերևս բնապահպանական աղետ է։
Բացի այդ, Պն-ն այս տարի՝ մայիսից, երբ ադրբեջանցիները մտան ՀՀ ինքնիշխան տարածք և մեր դիրքերի կառուցումն ու պատշաճ կահավորումը դարձավ առաջնային խնդիր, մոտ 95 մլն կամ 197 000 դոլար է տրամադրել տարբեր ներկայացուցչական ծախսերի:
Սրանք թերևս ամենապարզունակ օրինակներն են։ Այն, ինչ կատարվում է մեր տեսադաշտից դուրս, մենք չգիտենք։
Միգուցե մենք ունենք ոչ թե ռեսուրսների, միջոցների պակաս, այլ առաջնահերթությունների սահմանման, դրանց ճիշտ կառավարմա՞ն խնդիր։