Ինչ պետք է անի պաշտպանության նախարարը․ Էրիկ Հակոբյանի խորհուրդները

insights with eric hacopian

ՍիվիլՆեթի քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանի հերթական հաղորդումը ուղերձ է պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին։

Կա ռազմական բարեփոխման երկու տեսակ՝ երկարաժամկետ, հինգ-տանսամյա ծրագրերի տեսքով, և անմիջապես իրականացման ենթակա, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր երկրի ինքնիշխան սահմանները։

Պրն Պապիկյան, հաջորդ հինգ-վեց ամսվա ընթացում կա՛մ կդառնաք հերոս, կա՛մ քավության նոխազ։ Կա՛մ պարտադրում եք ձեր կամքը թերագործ կառույցին, կա՛մ կառույցն է իր կամքը ձեզ թելադրելու։

Բանակի բարոյահոգեբանական խնդիրներ

Ես ձեր տեղը կսկսեի բանակում բարոյահոգեբանական խնդիրներից։ Գաղտնիք չէ, որ պատերազմում պարտված ցանկացած բանակ ունի մարտական ոգու հետ կապված խնդիրներ։ Դրա մեծ մասը հնարավոր է փոխել՝ ձեր օրինակով, թե ինչպիսի առաջնորդ կլինեք և անձնակազմի ինչ փոփոխություններ ու նշանակումներ կանեք, որովհետև այս մակարդակում անձնակազմի ընտրությունը քաղաքականություն է։

Սահմանային ոտնձգությունների կանոնակարգեր

Երկրորդ, հստակ սահմանել կանոնակարգերը սահմանային ոտնձգություններին արձագանքելու համար։ Անթիվ են հաղորդագությունները, որ մարդիկ շփոթված են՝ ինչ պետք է անել, արդյոք կարելի՞ է կրակել, թե ոչ։ Անթույլատրելի է նման խնդիրներ ունենալը։

Պետք է հետևել կանոնակարգերին, որ արդեն իսկ ունենք, այն է՝ երբ ինչ-որ մեկը հատում է քո սահմանը, դուք նրա վրա կրակ եք բացում։ Կանոնակարգը չի ասում բանակցել նրանց հետ կամ ռուսներին կանչել, կա՛մ դիրքը թողնել՝ առանց մարտի։ Այս կանոնակարգին չհետևող որևէ մեկին պետք է հեռացնել։

Բնակչության ներգրավումը բանակի բարեփոխման գործընթացում

Ամբողջ երկրին պետք է ներգրավել բարեփոխման այս գործընթացում, որովհետև Հայաստանում ժողովուրդը բանակն է, բանակը՝ ժողովուրդը։ Դա է մեր իրականությունը։ Իսկ ՊՆ-ն չի վայելում հանրության վստահությունը բազում խելամիտ պատճառներից ելնելով։ Պետք է վերականգնեք այդ վստահությունը՝ լինելով հնարավորինս բաց ու թափանցիկ և ժողովրդին ցույց տալով, որ բարեփոխումներն ընթացքի մեջ են։

Մասնավոր հատվածը՝ բանակի բարեփոխման գործընթացում

Հաջորդը, կարևոր է, որ ներգրավեք մեր մասնավոր հատվածը, որովհետև ՊՆ անելիքների մի մասը կարելի է հանգիստ պատվիրակել մեր մասնավոր հատվածին, որը շատ ավելի արդյունավետ է, քան անարդյունավետ պետական հատվածը։ Սա կարող է տարածվել հետախուզության, հակահետախուզության և շատ այլ ճակատներում։

Տեղական արտադրանք

Հաջորդ ՝առաջնահերթություն տալ տեղական գնումներին, գնել տեղական արտադրողից։

Մեր ստեղծելիք ռազմարդյունաբերական համակարգի համար որքան շատ տեղական գնումներ լինեն, այնքան լավ։ Որքան աջակցենք տեղական ընկերություններին, այնքան ավելի անկախ կդառնանք և շանտաժի չենք ենթարկվի աշխարհում որևէ մեկի կողմից՝ ինչ են մեզ վաճառում կամ չեն վաճառում։ Ուստի, եկենք ծախսենք տեղում։

Մասնավոր ռազմական ընկերություններ

Մյուսը՝ այժմ աշխարհում պատերազմներով շատ դեպքերում զբաղվում են մասնավոր ընկերություններ։ Անթիվ են մասնավոր ռազմական ֆիրմաները և պայմանագրայինները, որոնց կարելի է պատվիրակել՝ բերել որպես խորհրդական, ինչպես շատ այլ ոլորտներում, որպեսզի անմիջական ազդեցություն ունենան մեր ռազմական կարողությունները արդիականացնելու համար։

Պաշտպանության նախարարության մշակույթ

Ամենակարևորը՝ դուք պետք է փոխեք ՊՆ-ում տիրող մշակույթը։ Շատ երկար ժամանակ՝ գրեթե քսան-քսանհինգ տարի, բանակը եղել է գլխիվայր շրջված մերիտոկրատիա, որտեղ պաշտոնը բարձացվում էր՝ ըստ ծանոթությունների, հարցեր չտալու և կաշառակեր լինելու համար։ Պետք է փոխել դա։

Պետք է խրախուսել նախաձեռնողականություն դրսևորողներին և նրանց, ովքեր պատրաստ են կռվել։ Ի վերջո, հեռացնել բոլոր քծնող միջակություններին։

Շատ փոքր բացառություններով լիակատար թափանցիկություն տալ բանակում ու պաշտպանության ոլորտում գնումների գործընթացին։ Գիտենք, որ բազում տարիներ այս ոլորտում առկա է եղել կոռուպցիա։

Զորահավաքային համակարգ

Հաջորդ՝ արդիականացնել մեր զորահավաքային համակարգը։ Մենք լիովին ձախողեցինք կամավորների ու պահեստազորի զորահավաքը․ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, մեծ խառնաշփոթ էր։ Պահեստազորը կենսական նշանակություն ունի, և եթե անհրաժեշտ է, կարելի է պատվիրակել դրա համակարգումը։

Գումարը չի կարող խնդիր լինել

Հաջորդը՝ թույլ մի տվեք, որ փողի պակասը արդարացում լինի։ Եթե խոսքը երկրի պաշտպանության մասին է, ոչինչ պետք չէ խնայել։ Որովհետև որևէ պետության առաջին մանդատը երկիրը, սահմաններն ու գոյությունը պահպանելն է։ Ուստի, գումարը չի կարող խնդիր լինել։

Եթե մենք պետք է երկու միլիարդ դոլար պարտք անենք, պետք է անենք դա, հատկապես երբ աշխարհում պատմականորեն ցածր տոկոսադրույքներ են։ Օրինակ, Հունաստանը, որը խոշոր պարտքեր ունի, և որի պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 211 տոկոս է՝ այսինքն, նրանց պարտքը իրենց տնտեսությունից երկու անգամ մեծ է, խելահեղ գնումներ է կատարել՝ արդիականացնելու իր ռազմական ծառայությունները, հատկապես՝ ծովայինը՝ հաշվի առնելով Էրդողանի վարչակարգից հնչող մշտական սպառնալիքները։

Մեր պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը ընդամենը 62 տոկոս է։ Ակնհայտորեն, նման բան նորմալ պայմաններում չենք անի, սակայն հիմա նորմալ ժամանակներ չեն։ Փողը չպետք է խոչընդոտ լինի մեր երկիրը պաշտպանելու համար։

Եթե այդ գումարը ծախսվի երկրի ներսում, կունենանք ռազմական «քեյնսիականություն», այսինքն՝ դու արդիականացնում ես քո համակարգերը և արդյունաբերությունը, հատկապես՝ ռազմականը։

Զինվորների բարձր վարձատրություն

Ի վերջո, դու պետք է շատ բարձր վարձատրես զինվորներին, եթե նրանք բավարարում են այն բարձր չափանիշները, որոնք պետք է դնենք մեր ապագայի բանակի համար։

Բանակում ծառայելը պետք է հանրային պայմանագիր լինի, որում նրանք, ովքեր ծառայում են և պատրաստ են մեռնել հանուն երկրի պաշտպանության, գիտեն, որ իրենց կփոխհատուցեն և իրենց ընտանիքների համար լավ հոգ կտանեն։ Սա այն պարտավորությունն է, որ պետք է անենք միայն այն դեպքում, երբ բոլոր մյուս բարեփոխումներն իրականացվել են։ Իմաստ չունի բարձրացնել ապաշնորհ գեներալների աշխատավարձերը։

Ամփոփեմ՝ մի շատ պարզ բանաձևով՝ դուք և ձեր կառավարությունը կա՛մ ագրեսիվ կերպով կարդիականացնեք մեր կարողությունները և կստեղծեք իրավիճակ, որտեղ ունակ ենք պաշտպանել մեր սահմաններն ամենուր, կա՛մ այս ամենը՝ ճգնաժամ ճգնաժամի հետևից, կհանգեցնի մեկ այլ ընտրության, որում մարդիկ կփոխարինեն ձեզ այլ մարդկանցով, որոնք կամք ունեն այս փոփոխություններն իրականացնելու և երկիրը պաշտպանելու։

Այս երկրում ժողովուրդը ծով համբերություն ունի, և որոշ չափով հասկանում է մեր պարտության պատճառը։ Նրանք բոլորը գուցե համաձայն չեն դրա հետ, բայց կարող են հասկանալ։ Նրանք, այդ թվում՝ ձեր կառավարության աջակիցներից շատերը, չեն հանդուրժի, որ այս երկրին ստորացնեն իր իսկ սահմանների վրա, որոնք կտոր-կտոր են անում Ալիևի ավազակները, իսկ երկիրը նվաստանում է ամեն օր, շաբաթ, ամիս։

Որևէ կառավարություն, որը չի կարողանա դա փոխել, չի կարող ու արժանի չի լինի մնալու իշխանության։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել