Եռակողմ հանդիպման համար կոնսենսուս է անհրաժեշտ․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցի շուրջ եռակողմ հանդիպումը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի մասնակցությամբ, կայանալու է, սակայն դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի կոնսենսուսը։ Այս մասին դիվանագետը հայտարարել է նոյեմբերի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին։

«Հանդիպման համար կոնսենսուս է պետք, որպեսզի բոլոր մասնակից կողմերը համաձայնեն դրան։ Ես համոզված եմ, որ նման հանդիպում տեղի կունենա»,- ասել է Սերգեյ Լավրովը։

***

Ավելի վաղ եռակողմ հանդիպման անցկացման մասին հայտարարել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա հայտնել էր, որ նախապատրաստվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպում՝ տեսակոնֆերանսի ձևաչափով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ, սակայն, հայտարարել էր, որ եռակողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն չկա։

Փաշինյանի հայտարարությանը հաջորդել է Պեսկովի մեկ այլ հայտարարություն՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպումը նախապատրաստվում է, սակայն ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան:

Մեկնաբանել