Վրաստանի կառավարությունն առաջարկում է Սաակաշվիլիին տեղափոխել զինվորական հոսպիտալ

Միխեիլ Սաակաշվիլի

Շոթա Կինչա, OC Media


Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն առաջարկել է հացադուլի մեջ գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել Գորիի զինվորական հոսպիտալ։

Նախարարն այս առաջարկն արել է ներքին և արտաքին քննադատների կողմից բանեցվող շարունակական ճնշումներից հետո՝ կապված Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման և Գլդանիի բանտի բժշկական հաստատությունում առկա թերությունների հետ, որտեղ այժմ գտնվում է նախկին նախագահը:

Նախարարի առաջարկը, սակայն չի համապատասխանում վրացական ընդդիմադիր կուսակցությունների, ինչպես նաև Հանրային պաշտպանի գրասենյակի պահանջներին՝ նախկին նախագահին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կոչից հետո Սաակաշվիլին համաձայնել էր դադարեցնել հացադուլը, եթե իրեն տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց։

Կառավարությունը մերժել է այս պահանջները՝ զգուշացնելով, որ Սաակաշվիլիի կողմնակիցները ծրագրել են բռնի ուժով ազատել նրան։ «Այն օրը, երբ նրան տեղափոխեն, իրավիճակը կդառնա անկառավարելի … նրանք ամեն ինչի կդիմեն, ներառյալ արյունահեղության», – ուրբաթ հայտարարել էր «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Գորիի զինվորական հոսպիտալ Սաակաշվիլիի հնարավոր տեղափոխման մասին լուրերը տարածվել էին ավելի վաղ, սակայն Սաակաշվիլին անձամբ է մերժել այդ առաջարկը։

Սաակաշվիլին հացադուլի մեջ է հոկտեմբերի 1-ից՝ տեղական ընտրությունների երկրորդ փուլից մեկ օր առաջ, երբ ձերբակալվեց Թբիլիսիում։ Երբ նրա առողջական վիճակն սկսեց վատանալ, քրեակատարողական մարմինները նրան Ռուսթավիի բանտից տեղափոխեցին Թբիլիսիում գտնվող Գլդանիի բանտ։

Նախարար Բրեգաձեն հավելել է, որ ապաքինվելուց հետո Սաակաշվիլիին կվերադարձնեն մայրաքաղաք Թբիլիսիի մոտակայքում գտնվող Ռուսթավի քաղաքի բանտ։

Արդարադատության նախարարը նաև զգուշացրել է, որ Սաակաշվիլիի աջակիցների կողմից Գորիում նրա տեղափոխմանը կամ բժիշկների աշխատանքին խոչընդոտելու ցանկացած փորձի դեպքում նախկին նախագահին կվերադարձնեն Թբիլիսի՝ Գլդանիի բանտ։

Հայտարարությունից րոպեներ առաջ «Միացյալ ազգային շարժման» (Սաակաշվիլիի հիմնադրած կուսակցությունն է), ինչպես նաև «Գիրչի – ավելի շատ ազատություն», «Լելո» և «Դրոա» կուսակցությունների կողմնակիցները հավաքվել էին Թբիլիսիի կենտրոնում՝ պահանջելու Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:


Նոյեմբերի 1-ին Սաակաշվիլիի փաստաբաններից Նիկա Գվարամիան հայտարարեց, թե պլանավորված է նրան տեղափոխել Գորիի հիվանդանոց, որտեղից նրան կարող են առևանգել «օսական հատուկ ջոկատները»: Գվարամիան նաև «Մթավարի» հեռուստաալիքի տնօրենն է և Սաակաշվիլիի կառավարությունում զբաղեցրել է նախարարի պաշտոն։

Նոյեմբերի 19-ին Սաակաշվիլիի աջակիցները Առաջին Հանրապետության հրապարակից երթով շարժվեցին դեպի խորհրդարանի շենք՝ պահանջելով Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Շարունակական ճնշումներ

Վրաստանի երրորդ նախագահի կողմնակիցները բողոքում են Գլդանիի բանտ նրան տեղափոխելու որոշման դեմ՝ պնդելով, որ այնտեղի բժշկական բաժանմունքը համապատասխան սարքավորումներով հագեցած չէ կամ չունի որակյալ մասնագետներ:

Սաակաշվիլիի աջակիցների այս քննադատության հետ հետագայում համաձայնել է բժիշկների երկու կոնսիլիում, այդ թվում՝ ութ բժիշկներից բաղկացած մի խումբ, որը վերջերս ձևավորվել է հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի նախաձեռնությամբ:

Նոյեմբերի 18-ին նրանք խորհուրդ տվեցին Սաակաշվիլիին տեղափոխել բազմապրոֆիլ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Նրանք հաստատեցին, որ նախկին նախագահը, ի թիվս այլ հիվանդությունների, ունի Վերնիկեի էնցեֆալիտ [լյարդի հիվանդություն է – խմբ․], իսկ նոյեմբերի 8-ից՝ նաև խրոնիկ հիպոկալեմիա [արյան մեջ կալիումի ցածր մակարդակ]:

Փորձագետները նշել են, որ Գլդանի բանտի հարևանությամբ գտնվող և վերջերս վերանորոգված հիվանդանոցը դեռևս թեստավորման փուլում է, չունի սրտի կաթետերիզացիայի լաբորատորիա, ՄՌՏ և համապատասխան բուժանձնակազմ, եթե հանկարծ բարդություններ առաջանան։

Նույն օրն ավելի ուշ Սաակաշվիլիի մեկ այլ փաստաբան՝ Բեկա Բասիլայան, ասել է, որ նախկին նախագահն ուշագնաց է եղել և ընկել իր և այլ փաստաբանների հետ հանդիպումից հետո։


«Ամոթ» լիբերալ ընդդիմադիր շարժման անդամներից մեկը նոյեմբերի 19-ին խորհրդարանի մոտ պարզել է «Մենք թույլ չենք տա, որ սպանեք նրան» գրությամբ պաստառ՝ նկատի ունենալով Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացումը: Լուսանկարը՝ Շոթա Կինչայի/OC Media։

Սաակաշվիլիին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելուց հրաժարվելու, ինչպես նաև իշխանությունը չարաշահելու մեղադրանքի գործով դատական լսումներին մասնակցելու իրավունքից նրան զրկելու համար իշխանությունները քննադատության են արժանացել նաև արտերկրից:

Սաակաշվիլիին զինվորական հոսպիտալ տեղափոխելու վերաբերյալ ուրբաթ կառավարության հնչեցրած առաջարկից ժամեր առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը Վրաստանի կառավարությանը հորդորել էր «արդար և արժանապատվորեն» վերաբերվել Սաակաշվիլիին, իսկ նրա բուժման հարցում հետևել հանրային պաշտպանի առաջարկություններին:

«Մենք նաև խստորեն կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը ապահովել, որպեսզի պարոն Սահակաշվիլին կարողանա ներկա գտնվել իր դեմ հարուցված քրեական գործերով բոլոր դատական նիստերին՝ միջազգային իրավունքին համապատասխան»,- ասվում էր Փրայսի հայտարարությունում։

Ուրբաթ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կրկին կոչ արեց Վրաստանի կառավարությանը «պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերել Միխեիլ Սաակաշվիլիին», որը Ուկրաինայի քաղաքացի է։

Մեկնաբանել