Փաշինյանը և Ալիևը համաձայնել են հանդիպել

nikol pashinyan ilham aliyev munich (9)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցներից հետո համաձայնել են դեկտեմբերի 15-ին հանդիպում անցկացնել Բրյուսելում՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին նշվում է Շառլ Միշելի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

«Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է Բրյուսելում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։ Առաջնորդները պայմանավորվել են հանդիպել Բրյուսելում, որպեսզի քննարկեն տարածաշրջանային իրավիճակը և լարվածությունը հաղթահարելու ուղիները բարգավաճ և կայուն Հարավային Կովկասի համար, որին աջակցում է ԵՄ-ն»,- նշվում է հաղորդագրությունում:

Հեռախոսազրույցների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են կապի ուղիղ գիծ հաստատել պաշտպանության նախարարների մակարդակով, որը կծառայի միջադեպերի կանխարգելման մեխանիզմին:

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ Բրյուսելում հանդիպելու վերաբերյալ համաձայնությունը կայացվում է այն բանից հետո, երբ պաշտոնական Մոսկվան հայտարարել է՝ եռակողմ հանդիպման շուրջ կոնսենսուս չկա։

***

Ավելի վաղ եռակողմ հանդիպման անցկացման մասին հայտարարել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա հայտնել էր, որ նախապատրաստվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպում՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ, սակայն, հայտարարել էր, որ եռակողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն չկա։

Փաշինյանի հայտարարությանը հաջորդել է Պեսկովի մեկ այլ հայտարարություն՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպումը նախապատրաստվում է, սակայն ժամկետների վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ չկան:

Մեկնաբանել