Ալավերդու երկաթգծի հարակից շինությունները՝ սպառնալիք երկաթուղային տրանսպորտի համար

Ալավերդու կենտրոնով անցնող երկաթգծի հարակից տարածքներում կառուցվող շինությունները սպառնալիք են երկաթուղային տրանսպորտի համար։ Երկաթգծի հարակից տարածքները Ալավերդու նախկին երեք քաղաքապետերի՝ Արթուր Նալբանդյանի, Արտավազդ Վարոսյանի և Կարեն Փարեմուզյանի պաշտոնավարման օրոք աստիճանաբար վաճառվել են՝ անտեսելով երկաթուղու անվտանգության պահանջները: Ալավերդիով անցնող երկաթգիծը Հայաստանն աշխարհի հետ կապող միակ երկաթուղային ճանապարհն է:

Ալավերդիում երկաթուղուն կից սեփականաշնորհված 2,6 կմ տարածքը համարվում է երկաթգծի պաշտպանական գոտի, մինչդեռ երկաթուղին փլուզումներից պաշտպանող հենապատերի հաշվին խանութներ ու հասարակական այլ օբյեկտներ են կառուցվել: Արդյունքում արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայության և շտապ օգնության մեքենաները չեն կարող մոտենալ երկաթգծին:

Դեռ 2016-2017թթ․ նախկին քաղաքապետ Արտավազդ Վարոսյանի որոշումներով երկաթգծի մոտակայքում օրենքի խախտմամբ մոտ 30 կապիտալ շինություններ են կառուցվել: Թումանյան փողոցի սուպերմարկետի դիմաց՝ երկաթգծի հարակից մասում, սեփականատերերի կողմից հասարակական օբյեկտներ կառուցելիս 2019թ. նոյեմբերին երկաթգծի 5,5մ հատվածը փլուզվել է, բետոնի կարուղիների մեծ մասը քանդվել է, իսկ մի մասը՝ թեքվել: Երկաթգծի հիմքերից հողի և խոշոր քարերի սողանքներ են տեղի ունեցել:

Կիսակառույց շինությունները

Ըստ գլխավոր հատակագծի՝ Ալավերդին գտնվում է սեյսմիկ բարձր ռիսկի գոտում: Երկրաշարժերի դեպքում փլուզումները անհետևանք չեն կարող մնալ երկաթուղային տրանսպորտի անվտանգության համար: Վտանգավոր սողանքները կանխելու համար հողատերերի կողմից նախագծային շեղումներով, 2019թ․ փետրվարին 170մետր երկարությամբ հենապատ է կառուցվել, դադադարեցվել է նաև շինությունների կառուցումը: Այսուհանդերձ, արդեն երկու տարի է՝ երկաթգծի 1 000մ տարածքի պաշտպանական շերտը քանդված է: Անցած տարիներին «Հարավկովկասյան երկաթուղին» դրանց անտարբերությամբ է վերաբերվել, մինչդեռ ընկերությունը Հայաստանի հետ կնքած կոնցեսիոն պայմանագրով երկաթուղային տրանսպորտի անվտանգ երթևեկության պատասխանատուն է:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ի գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ ընկերության մասնագետները 2020թ. են Սանահին–Ալավերդի գծանցման Թումանյան փողոցի հատվածում հայտնաբերել երկաթգծին հարող հողային շերտի ապամոնտաժման դեպքը: Եդիգարյանի խոսքով՝ այդ ժամանակ էլ պարզել են, որ հենապատի կառուցման պատվիրատուն Ալավերդու համայնքապետարանն է: Արամ Եդիգարյանի գրությամբ համայնքապետարանը ընկերության հետ չի համաձայնեցրել երկաթգծի հարակից տարածքների հողերի սեփականաշնորհման և կապիտալ շինություններ կառուցելու հարցը: Այսուհանդերձ, ՀԿԵ-ի մասնագետները նկատել են 170 մ երկարությամբ հենապատի նախագծային շեղումները և համայնքապետարանին տվել են հենապատի ամրացման տեխնիկական պայմաններ: Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը 2019թ. փետրվարին «ՀԿԵ» ՓԲԸ-ին գրավոր տեղեկացրել է, թե հենապատի ամրացման տեխնիկական պայմանները բավարարված են: ՀԿԵ-ն Ալավերդու համայնքապետարանին բավականի ուշացումով է զգուշացրել անթույլատրելի շինարարությունը դադարեցնելու մասին։

«Եթե «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն չթույլատրի շինարարությունը, ես նույնպես չեմ կարող թույլատրել երկաթգծի հարակից տարածքների շինությունների կառուցումը»,- ասում է Սասուն Խեչումյանը: Մինչդեռ Խեչումյանը երեք տարի անարգել թույլատրել է վտանգավոր շինությունների կառուցումը, անգամ լրատվամիջոցների ահազանգից հետո նա պատշաճ հետևության չի եկել:

Երկաթգծի պաշտպանական տարածքում կապիտալ շինությունների կառուցումը արգելվում է «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքով: Լոռու մարզի դատախազությունն առ այսօր քրեական գործ չի հարուցել օրենքի խախտմամբ երկաթգծի պաշտպանական տարածքների սեփականաշնորհման և ապօրինի շինություններ կառուցելու համար: Երկաթգծի հարակից տարածքների սեփականատերեր են դարձել Լոռու մարզի դատախազության Ալավերդու նստավայրի դատախազ Արմեն Շիրոյանի մայրը՝ Էմմա Ավետյանը, ԱԱԾ Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժանմունքի նախկին պետ Կորյուն Ռաֆայելյանի եղբայրը՝ Վանաձոր քաղաքի բնակիչ Կարեն Ռաֆայելյանը, Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի կինը՝ Նաթելլա Մաթոսյանը, նախկին համայնքապետ Արտավազդ Վարոսյանի կինը՝ Ալավերդու թիվ 2 դպրոցի տնօրեն Լուսինե Միքայելյանը, ավագանու նախկին անդամ Գագիկ էվոյանի որդին՝ Գարիկ Էվոյանը և այլ պաշտոնյաներ, որոնք այդ տարածքներում հող են ստացել իրենց մտերիմների անունով: Լուսինե Միքայելյանը և Կարեն Ռաֆայելյանը վերավաճառել են իրենց հողերը: Երկաթգծի հարակից տարածքներում կառուցված և կիսակառույց շինությունները առավել վտանգավոր կդառնան երկաթուղային տրանսպորտի գերբեռնված աշխատանքի դեպքում:

Լարիսա Փարեմուզյան

Մեկնաբանել